Եվրամիության Խորհուրդը պատժամիջոցային նոր կանոնակարգ է պատրաստել, որն առաջին անգամ պաշտոնապես Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում CS արցունքաբեր գազը որպես պատերազմի միջոց օգտագործելու մեջ։ Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի «Սիստեմա» հետաքննական նախագիծը, որը ծանոթացել է փաստաթղթի տեքստին։

Կանոնակարգի բացատրական մասում ասվում է, որ ԵՄ եզրակացությունները հիմնված են Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցների վրա, որոնք հրապարակվել են ուկրաինական կողմի խնդրանքով 2024թ. նոյեմբերին եւ 2025թ. փետրվարին։ Այս զեկույցները ուսումնասիրում են Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Մարեւկա եւ Իլյինկա բնակավայրերի մոտ CS գազի օգտագործման փաստագրված դեպքերը:

Հետաքննությունները ցույց են տվել գազի օգտագործման ապացույցներ. հարձակումներից հետո վերցված հողի եւ ջրի նմուշներում հայտնաբերվել են CS-ի հետքեր. հավաքվել են ուկրաինացի զինվորականների ցուցմունքները, նաեւ ցուցադրել են RG-Vo ձեռքի նռնակների («ձեռքի նռնակ՝ թունավոր նյութ») պարկուճների լուսանկարները։ Զինամթերքները ռուսական արտադրության է։ Ավելին, ռուսական RT քարոզչական ալիքը դեռ 2024թ. իր հոդվածներից մեկում ցույց էր տվել, որ նման նռնակներ ռուս զինվորականներն օգտագործել են մարտական ​​գործողությունների ժամանակ։

Ուկրաինայի ՊՆ-ն նաեւ նշել է, որ CS-ով պարկուճներ հայտնաբերվել են ոչ միայն նռնակներում, այլ նաեւ «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերում, որոնք ակտիվորեն օգտագործվում են ռուսական բանակի կողմից ուկրաինական տարածքի վրա հարձակումների ժամանակ։

«Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ռուսաստանի կողմից արցունքաբեր գազի փաստագրված օգտագործման վերաբերյալ արժանահավատ բացատրության բացակայությունը եւ քիմիական զենքի կիրառման գլոբալ արգելքը ուժեղացնելու նպատակով, Եվրամիությունը կոչ է անում ՔԶԱԿ-ին անհապաղ վերագրել այդ նյութերի փաստագրված օգտագործումը որպես պատերազմի մեթոդ»,- նշել է ԵՄ Խորհուրդը կանոնակարգում:

Ըստ պատժամիջոցների նախագծի՝ սահմանափակումների ենթակա անձանց եւ կազմակերպությունների թարմացված ցանկը կներառի ՌԴ ՊՆ ստորաբաժանումները, որոնք անմիջականորեն կապված են քիմիական զենքի հետ՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերը, ինչպես նաեւ 27-րդ եւ 33-րդ գիտահետազոտական ​​կենտրոնները, որոնք ներգրավված են թունավոր նյութերի մշակման եւ հնարավոր կիրառման մեջ: