Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան Ֆրանսպրեսին տված հարցազրույցում հայտնել է, որ օգնություն է խնդրել Իսրայելից և Արաբական Միացյալ Էմիրություններից՝ հարավամերիկյան երկիրն ահաբեկող թմրակարտելների դեմ պայքարի հարցում։

Փարիզում տված հարցազրույցում անցյալ ամիս վերընտրված 37-ամյա նախագահն ասել է, որ Իսրայելը և ԱՄԷ-ն համաձայնել են հետախուզական տվյալներ տրամադրել՝ կոկաինի ապօրինի շրջանառության դեմ պայքարում օգնելու համար։

Տարվա սկզբին մի ժամանակ խաղաղ Էկվադորում յուրաքանչյուր ժամ միջինում մեկ սպանություն էր տեղի ունենում, քանի որ կարտելները պայքարում էին երկրի նավահանգիստներով անցնող կոկաինի երթուղիների վերահսկողության համար։

Նախագահական քարոզարշավի ժամանակ Նոբոան առաջարկեց Էկվադոր ուղարկել ԱՄՆ հատուկ նշանակության ուժեր՝ բռնության դեմ պայքարելու համար, ինչպես նաև՝ ամերիկյան բազաները վերաբացելու հնարավորություն տվող իրավական բարեփոխումներ։

Անցած շաբաթվա ընթացքում Նոբոան, անվտանգության ոլորտում հետագա դաշինքներ կնքելու համար, այցելել է Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա՝ այն եվրոպական երկրներից մի քանիսը, որտեղ կոկաինի օգտագործումը կտրուկ աճել է, ինչպես նաև՝ Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Նա նշել է, որ Իսրայելի և Էմիրությունների առաջնորդների հետ խոսել է նավահանգիստներում և սահմաններում անվտանգության հարցում համագործակցության մասին, քանի որ նավահանգիստներ տանող տարածքներում կամ ճանապարհներին բռնություն է տիրում։

Նոբոան միաժամանակ, խոստովանել է, որ օտարերկրյա տերությունները դեռևս առանձնապես հետաքրքրված չեն Անդյան երկրում ռազմական բազաներ ստեղծելու հարցում։