Հնդկաստանը կոչ է արել Պակիստանի միջուկային զենքը դնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության տակ։ Համապատասխան հայտարարությունն արել է հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ ելույթ ունենալով Ջամու եւ Քաշմիր նահանգներում։
«Ես կարծում եմ, որ Պակիստանի միջուկային զենքը պետք է դրվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ»,- ասել է նա՝ կասկածի տակ դնելով հարեւան երկրի միջուկային զինանոցի անվտանգությունը։
Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունները վատթարացել են ապրիլի 22-ին հնդկական Ջամու եւ Քաշմիր միութենական տարածքում «Լաշքար-է-Թայբայի» գրոհայինների ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի եւ մեկ նեպալցի: Նյու Դելին հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը: Հնդկաստանը եւ Պակիստանը փոխադարձ սահմանափակումներ են մտցրել, կասեցրել են երկկողմ համաձայնագրերը եւ փակել միմյանց օդային տարածքը ինքնաթիռների համար։
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի Զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանի եւ նրա կողմից վերահսկվող Քաշմիրի մի մասի թիրախներին, որտեղ տեղակայվել են ահաբեկիչները։ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել։ Մայիսի 10-ին Հնդկաստանը եւ Պակիստանը հայտնել են հրադադարի մասին։





























