Կատարն ու ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ էմիրությունը 42 մլրդ դոլարի սպառազինություն եւ տեխնիկա կգնի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երեկ մենք պայմանագիր ենք ստորագրել Կատարի համար 42 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան լավագույն ռազմական տեխնիկան գնելու վերաբերյալ, ներառյալ THAAD հակահրթիռային մարտկոցները, Pegasus լիցքավորող ինքնաթիռները, թեթեւ զրահապատ Desert Vipers մեքենաները, մարտական ամֆիբիա-մեքենաները, MQ-9B եւ Sky Guardian անօդաչուները»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ավիաբազայի զինվորականների առջեւ։ «Կատարն առաջիկա տարիներին կներդնի 10 մլրդ դոլար այդ հսկայական բազայի զաւգացման համար»,- ավելացրել է Թրամփը։
Թրամփը չորեքշաբթի պետական այցով ժամանել է Կատար՝ Ծոցի արաբական երկրներ շրջագայության շրջանակում։ Նա դարձել է ավելի քան 20 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելել է էմիրություն: ԱՄՆ առաջնորդի եւ Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի միջեւ բանակցություններից հետո Կատարի ազգային «Qatar Airways» ավիաընկերությունը պայմանագիր է ստորագրել ամերիկյան Boeing ավիաարտադրողից ինքնաթիռներ գնելու մասին:
Ինչպես տեղեկացրել են Սպիտակ տանը, Qatar Airways-ը 96 մլրդ դոլարով կգնի 210 ժամանակակից Boeing 787 Dreamliner եւ 777X ինքնաթիռ։ Բացի այդ, Կատարը 2 մլրդ դոլարով ամերիկյան General Atomics ընկերությունից կգնի ութ MQ-9B հեռահար անօդաչու թռչող սարք, իսկ 1 մլրդ դոլարով ամերիկյան Raytheon կորպորացիայից կգնի դրոնների դեմ պայքարի սարքեր:





























