ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը քննարկում է հեռուստատեսային խաղ-շոուին «անսովոր» մասնակցության հնարավորությունը, որի շրջանակում ներգաղթյալները կմրցեն ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար։

Նախարարության խոսնակ Թրիշա Մաքլաֆլինը The New York Times-ին տված հարցազրույցում շոուն բնութագրել է որպես «ամերիկացի լինելու տոնակատարություն» և ասել, որ այն ամերիկյան ավանդույթների վրա հիմնված մարտահրավերներ կներառի:

«Մենք պետք է վերակենդանացնենք հայրենասիրությունն ու քաղաքացիական պարտքը այս երկրում, և ուրախությամբ կքննարկենք պատրաստի առաջարկները: Անձնակազմն այս առաջարկը ո՛չ հաստատվել է, ո՛չ էլ մերժվել»,- նշել է նա:

Ներքին անվտանգության նախարարի պաշտոնում արտաքսման գործընթացը վերահսկում է Հարավային Դակոտայի նախկին նահանգապետ Քրիստի Նոեմը, որը քննադատության է ենթարկվել ներգաղթի վերահսկողության նկատմամբ իր «հեռուստատեսային» մոտեցման համար։

Ռեալիթի-շոուի գաղափարը ներկայացրել է ծնունդով կանադացի պրոդյուսեր և գրող Ռոբ Ուորսոֆը: Նա աշխատել է Լուիզիանայի մի որսորդական ընտանիքի մասին պատմող «Բադերի դինաստիա» ռեալիթի-շոուի վրա, որը ժողովրդականություն է վայելում Թրամփի կողմնակիցների շրջանում:

Պարբերականին տված հարցազրույցում Ուորսոֆն ասել է, որ առաջարկն արել է որպես քաղաքացիություն ստացած անձ՝ հիմնվելով իր սեփական փորձի վրա։