Կիրակի օրը ողջ Պորտուգալիայում բացվել են ընտրատեղամասերը, երբ միլիոնավոր ընտրողներ սկսել են քվեարկել վերջին տարիներին արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններում, թեև շատերը պատրաստվում են ավելի մեծ անորոշության, քանի որ քվեարկությունը դժվար թե հանգեցնի կայուն կառավարության ձևավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Կիրակնօրյա քվեարկությունը նշանակվել է աջ կենտրոնամետ փոքրամասնության կառավարության լիազորությունների ժամկետի ավարտից ընդամենը մեկ տարի անց, այն բանից հետո, երբ վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն մարտին չկարողացավ ստանալ խորհրդարանի վստահությունը քվեարկության ժամանակ, որն ինքն էր առաջարկել, երբ ընդդիմությունը կասկածի տակ դրեց նրա ազնվությունը՝ իր ընտանիքին պատկանող խորհրդատվական ընկերության գործարքների առնչությամբ։
Մոնտենեգրուն հերքում է որևէ իրավախախտում, և հանրային կարծիքի հարցումների մեծամասնությունը ցույց է տալիս, որ ընտրողները մերժում են ընդդիմության քննադատությունը։ Ընտրատեղամասերը բաց են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից մինչև 19:00-ը (Գրինվիչի ժամանակով 07:00-18:00), իսկ էքզիթ-փոլերի արդյունքները սպասվում են ժամը 20:00-ից (Գրինվիչի ժամանակով 19:00)։ Ընտրությունները, որտեղ գերակշռում էին նաև բնակարանային և ներգաղթի հարցերը, տեղի են ունենում փխրուն կառավարությունների տասնամյա կառավարումից հետո, որոնցից միայն մեկն ուներ խորհրդարանական մեծամասնություն, սակայն, այն էլ, անցյալ տարի իր լիազորությունների ժամկետի կեսին տապալվեց։
Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Մոնտենեգրուի «Ժողովրդավարական դաշինքը» ստանում է ձայների մեծամասնությունը և, հավանաբար, մի քանի տեղով ավելի, քան 2024 թվականի մարտի նախորդ ընտրություններում, սակայն խորհրդարանական մեծամասնություն այն կրկին չունի։





























