Եվրոպան հեռու է Ուկրաինայում զորքեր տեղակայելու մասին խոսելուց, քանի որ նրա բոլոր ջանքերը ներկայումս կենտրոնացած են Ռուսաստանի կողմից անվերապահ հրադադարի ապահովման վրա, շաբաթ օրը հայտարարել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, հաղորդում է Reuters-ը։

«Հաջորդ քայլը պետք է լինի խաղաղ բանակցությունների ձևաչափի հստակ սահմանումը, ինչպես նաև այն, թե անվտանգության ինչ երաշխիքներ  մի օր անհրաժեշտ կլինեն Ուկրաինային», - ասել է Մերցը՝ այդ հարցերը ներկայումս անկանխատեսելի անվանելով։

«Այս պահին (զորքերի մասին) խոսելու պատճառ չկա, մենք հեռու ենք դրանից։ Մենք ուզում ենք, որ զենքերը լռեն, սպանությունները դադարեն... հենց այս հարցերով ենք մենք հիմա զբաղվում, և ոչ մի այլ բանով», - հավելել է նա։

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ուրբաթ օրը հանդիպել են Ալբանիայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում՝ իրավիճակը քննարկելու համար։

Նրանք նաև զանգահարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։