Moody's Ratings միջազգային վարկանշային գործակալությունն ԱՄՆ-ի երկարաժամկետ վարկային վարկանիշն «Aaa»-ից իջեցրել է մինչև «Aa1»՝ աճող պետական պարտքի և բյուջեի դեֆիցիտի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Այսպիսով, Moody's-ը վարկանշային գործակալությունների «մեծ եռյակից» վերջինն էր, որ աշխարհի խոշորագույն տնտեսությանը զրկեց ամենաբարձր վարկանիշից։ Ավելի վաղ դա արել էին S&P Global Ratings-ը և Fitch Ratings-ը։

Վարկանիշի կանխատեսումը «բացասականից» փոխվել է «կայունի»։

«Մենք ընդունում ենք ԱՄՆ-ի զգալի ուժը տնտեսական և ֆինանսական առումով, սակայն կարծում ենք, որ այդ առավելություններն այլևս լիովին չեն փոխհատուցում բյուջետային ցուցանիշների վատթարացումը»,- ասվում է Moody's-ի մամուլի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դաշնային բյուջեի տարեկան դեֆիցիտը կազմում է գրեթե 2 տրիլիոն դոլար կամ ամերիկյան ՀՆԱ-ի ավելի քան 6%-ը։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի (Congressional Budget Office, CBO) կարծիքով,  պետական պարտքը մինչև 2029 թվականը կարող է հասնել ՀՆԱ-ի 107%-ին՝ դառնալով ռեկորդային Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։

Moody's-ի՝ ԱՄՆ վարկանիշն իջեցնելու որոշումը քննադատության է արժանացել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։ Այսպես, Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունգը հատկապես առանձնացրել է Moody's Analytics-ի Մարկ Զանդիին, թեև այդ ստորաբաժանումը Moody's Ratings-ին չի պատկանում։

«Ոչ ոք նրա վերլուծությունը լուրջ չի ընդունում։ Նա անընդհատ սխալվել է»,- գրել է Չունգը։