Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքը գտնվելու է թույլ արտահայտված միջերկրածովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որով պայմանավորված կդիտվի ամպամածություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ արեւմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
Նրա խոսքով` հունվարի 12-ին այդ ցիկլոնն առավել կմոտենա հանրապետության տարածքին, որի հետեւանքով հանրապետության ողջ տարածքում կդիտվեն թույլ տեղումներ: Օդի ջերմային ֆոնը մինչեւ հունվարի 12-ը էապես չի փոխվի, իսկ դրանից հետո կնվազի մոտ 2-4 աստիճանով: Մայրաքաղաքում հունվարի 10-ին եւ 11-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, 12-ին հնարավոր են թույլ տեղումներ:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ ջերմաստիճանը հունվարի 10-ի եւ 11-ի գիշերը կլինի մոտ 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը` 2-6 աստիճան տաքություն: Իսկ հունվարի 12-ին ջերմաստիճանի նվազման արդյունքում գիշերը կլինի -2-4, ցերեկը` +2 աստիճան տաքություն:




























