AUR ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմիոնը դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով՝ հայտարարելով հնարավոր կեղծիքների մասին, հաղորդում է BBC-ն։

Ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը, որը ստացել է ընտրողների ձայների 53%-ից ավելին։ Կիրակնօրյա ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Սիմիոնը սկզբում ընդունել էր իր պարտությունը և շնորհավորել մրցակցին հաղթանակի առթիվ, սակայն երեքշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր է վիճարկել արդյունքները Ռումինիայի Սահմանադրական դատարանում։

«Ես պաշտոնապես խնդրում եմ [Սահմանադրական դատարանին] անվավեր ճանաչել Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունները», - նշել է նա՝ հղում անելով «պետական և ոչ պետական սուբյեկտների արտաքին միջամտության» ենթադրյալ փաստին (նա նշել է Ֆրանսիան և Մոլդովան)։

Ընտրությունները նա խեղկատակություն է անվանել և հայտարարել, որ դրանց արդյունքները վիճարկելու է «նույն պատճառներով, որոնցով չեղարկվել էին դեկտեմբերյան ընտրությունները»։ Ընդ որում, Սիմիոնը խոստովանել է, որ հաջողության հասնելու շանսերը փոքր են։

«Եթե մեր հարցումը մերժվի, դա ևս մեկ ապացույց կլինի այն բանի, որ այս ստոր համակարգը հեղաշրջում է կատարել ռումին ժողովրդի կամքին հակառակ», - հավելել է նա