Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցագրային կետի բացման մասին դեռեւս վերջնական որոշում չկա։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Վրաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Թարգմաձեն։

Թարգմաձեի խոսքով, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններն ընթանում են Շվեյցարիայի եւ Հայաստանի միջնորդությամբ, եւ այդ գործընթացն, ամենայն հավանականությամբ, կավարտվի մինչեւ այս տարվա վերջ։

Ինչպես կարծում է Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդը, վտանգավորության մակարդակը կնվազի, եթե անցակետով միայն տարանցիկ բեռներ փոխադրվեն եւ այն չշահագործվի իր ողջ նշանակությամբ։

Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետի բացման հարցը քննարկվել է Վրաստանի ազգային անվտանգության՝ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում, որին մասնակցել են երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կառավարության անդամներ եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնել է ԱԱԾ-ի քարտուղար Էկա Տկեշելաշվիլին, եթե բանակցությունները հաջող ընթանան եւ սահմանը բացվի, «դա միայն դրականորեն կազդի մեր եւ մեր հարեւան Հայաստանի վրա, եւ ոչ մի դեպքում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներ չեն ստեղծվի»։