Հյուսիսային Կորեան երեքշաբթի քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության վահան ստեղծելու ծրագիրը որպես «շատ վտանգավոր» սպառնալիք, որը կարող է միջուկային պատերազմ առաջացնել տիեզերքում, հաղորդել են տեղի պետական ​​լրատվամիջոցները։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտնել էր հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր մանրամասների եւ նախնական ֆինանսավորման մասին՝ այն անվանելով «շատ կարեւոր մեր երկրի հաջողության եւ նույնիսկ գոյատեւման համար»:

Վերլուծաբանները նշել են, որ նախաձեռնությունը բախվում է զգալի տեխնիկական եւ քաղաքական մարտահրավերների եւ կարող է թանկ արժենալ:

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության տարածած հայտարարությունում  Փհենյանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է «շատ վտանգավոր սպառնալից նախաձեռնությունը»:

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «տարված է տիեզերքը ռազմականացնելու փորձերով»:

«Հրթիռային պաշտպանության նոր համակարգ ստեղծելու ԱՄՆ ծրագիրը մեծ ներդրում ունի գլոբալ միջուկային եւ տիեզերական սպառազինությունների մրցավազքում՝ առաջացնելով միջուկային զենք ունեցող պետությունների անվտանգության մտահոգությունները եւ տիեզերքը վերածելով պոտենցիալ միջուկային պատերազմի գոտու»,- նշվել է հաղորդագրությունում:

Վաշինգտոնը` Սեուլի անվտանգության գլխավոր դաշնակիցը, վերջին տարիներին ուժեղացրել է համատեղ զորավարժությունները եւ մեծացրել ԱՄՆ ռազմավարական ակտիվների առկայությունը, ինչպիսիք են ավիակիրը եւ միջուկային սուզանավը տարածաշրջանում վերջին տարիներին՝ Հյուսիսային Կորեային զսպելու համար:

Փհենյանը բազմիցս հայտարարել է միջուկային զենքի իր «անշրջելի» տիրապետման մասին եւ պարբերաբար դատապարտում է ԱՄՆ եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները որպես ներխուժման փորձ, հայտնել է AFP-ն։