Թեկնածու Քելին Ջորջեսկուն, որին Ռումինիայի նախագահի պաշտոնում անցյալ տարի առաջադրվելու հայտը հանգեցրեց Եվրամիության եւ ՆԱՏՕ անդամ երկրի ընտրությունների արդյունքների չեղարկմանը, հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, հայտնել է Associated Press-ը։
Ջորջեսկուն շրջել է Ռումինիայի քաղաքական լանդշաֆտը անցյալ նոյեմբերին, երբ առաջադրվել է որպես անկախ եւ դարձել նախագահական ընտրությունների առաջին փուլի անսպասելի առաջատարը` գործող վարչապետին հաղթելով:
«Ես նախընտրում եմ լինել հասարակական կյանքի պասիվ դիտորդ»,-ասել է 63-ամյա քաղաքական գործիչը երկուշաբթի երեկոյան համացանցում տեղադրված տեսանյութում։ «Ես գերադասում եմ մնալ որեւէ կուսակցական կառույցից դուրս... Ես որեւէ կերպ կապված չեմ որեւէ քաղաքական խմբի հետ»։
Ջորջեսկուն ասել է, որ որոշել է հետքայլ անել նախագահական մրցավազքի ավարտից հետո, ինչը, նրա կարծիքով, նշանակում է «ինքնիշխանության շարժումն ավարտված է»:
«Չնայած այս քաղաքական գլուխն ավարտվել է, բայց ես համոզված եմ, որ արժեքներն ու իդեալները, որոնց համար մենք միասին պայքարել ենք, մնում են անփոփոխ»,- ասել է նա։ «Սիրելիներս, ես միշտ ասել եմ, որ մենք պատմություն ենք կերտելու, ոչ թե քաղաքականություն»։
Չնայած իր մեղքը հերքելուն, Ջորջեսկուին արգելվել էր մասնակցել մայիսին տեղի ունեցած լարված վերընտրությանը, որում հաղթել էր եվրոպամետ թեկնածու Նիկուշոր Դանը, որը երկուշաբթի օրը պաշտոնապես երդվել է:
Մաթեմատիկոս եւ Բուխարեստի նախկին քաղաքապետ Դանը հաղթել է ծայրահեղ աջ ազգայնական Ջորջ Սիմիոնին, որը դարձել է Ջորջեսկուի անվանական իրավահաջորդը։




























