Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անկախության օրվա իրենց ելույթում վրացական իշխանություններին քննադատած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է վարվելակարգի կանոններին չհամապատասխանելու մեջ։

Կոբախիձեն հայտարարել է, որ նրանք «այլևս չեն կարող ինքնուրույն որոշումներ ընդունել»։

«Ինչ վերաբերում է այս եռակողմ հայտարարությանը, բավականին ակնհայտ է, որ «Խոր պետությունը» գերիշխող է Եվրոպայում, իհարկե, դա հստակ երևում է այդ ամենից։ Եվ նույնիսկ եթե մանրամասները մի կողմ դնենք, դա էթիկայի հարց է. մայիսի 26-ը հանդիսավոր օր է, իսկ տոնական օրերին ընդունված է շնորհավորական նամակներ ստանալ, հանդիսավոր հայտարարություններ անել, «այս կերպ» նրանք չեն պահպանում արարողակարգը, նույնիսկ վարվելակարգը չեն պահպանում։

Սրանից թվում է, որ նրանք իրականում չեն կարող առաջնորդվել օբյեկտիվ շահերով, նույնիսկ իրենց սեփական օբյեկտիվ շահերով։ Նրանք ստիպված են աշխատել այնպիսի ուղղությամբ, որը չի համապատասխանում իրենց շահերին, դա ցավալի է և տխուր», - Newsgeorgia-ի՝ նշել է Կոբախիձեն։

Մայիսի 26-ին երեք եվրոպական երկրների առաջնորդները շնորհավորել են վրաց ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ և հատուկ նամակում դատապարտել են վրացական իշխանությունների գործողությունները, որոնք, ենթադրաբար, ուղղված են քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և հակառակորդների դեմ։ Մակրոնը, Մերցը և Տուսկը Վրաստանի իշխանություններին կոչ են արել «փոփոխել եվրոպական նորմերին հակասող օրենքները»։