Աբխազիան մտադիր չէ Վրաստանի հետ բանակցություններ վարել հանրապետության կարգավիճակի եւ անկախության հարցի շուրջ։ Այս մասին Կովկասի ներդրումային համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Աբխազիայի Հանրապետության նախագահ Բադրա Գունբան։

«Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ անհրաժեշտ է, իհարկե, որ Վրաստանը հաշտվի այն փաստի հետ, որ Աբխազիան վերականգնել է իր անկախությունը, եւ այս առումով մենք չենք նախատեսում բանակցություններ վարել մեր հանրապետության կարգավիճակի հարցի շուրջ։ Դրա հետ պետք է հաշտվել»,- ասել է նա։

Միաժամանակ Գունբան ընդգծել է, որ Աբխազիան ձգտում է խաղաղ գոյակցության բոլոր հարեւան երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ։ «Սա շատ դժվար ճանապարհ է, բայց պետք է գիտակցել, եւ մենք չենք պատրաստվում շեղվել մեր նախանշած ճանապարհից»,- ավելացրել է նախագահը։