Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել ԱՄՆ եւ հեռանալ այդ երկրից, եթե արդեն այնտեղ են ապրում։

«Վենեսուելան զգուշացնում է իր բոլոր քաղաքացիներին եւ խորհուրդ է տալիս զերծ մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց: Մենք նաեւ կոչ ենք անում ԱՄՆ-ում բնակվող վենեսուելացիներին մտածել երկրից հեռանալու մասին»,- գրել է Բոլիվարական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Իվան Խիլ Պինտոն Telegram-ալիքում։

Նախարարը նշել է, որ «ԱՄՆ-ում վենեսուելացիները դառնում են մարդու իրավունքների մշտական խախտման զոհ, նրանց առանց պատճառի կալանավորում են, բաժանում են իրենց ընտանիքներից եւ տեղափոխում երրորդ երկրների համակենտրոնացման ճամբարներ, ինչն անընդունելի պրակտիկա է, որը հիշեցնում է ժամանակակից պատմության ամենավատ ժամանակները»։ Խիլը նաեւ նշել է, որ «Վենեսուելայի քաղաքացիները ԱՄՆ-ում ենթարկվում են այլատյացության»:

Երեքշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել բոլոր ճանապարհորդություններից Վենեսուելա, որտեղ նրանց համար անվտանգության երաշխիքներ չկան։

Հունվարի 20-ին իշխանության գալուց ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Նա ստորագրել է փաստաթուղթ, որը հիմնված է 1798թ. «Օտար թշնամիների մասին» օրենքի վրա, որը կարգադրում է անհապաղ կալանավորել, բանտարկել եւ վտարել Վենեսուելայում գործող անդրազգային Tren de Aragua հանցավոր խմբավորման անդամներին Միացյալ Նահանգներից:

Այդ պատրվակով ԱՄՆ-ում ձերբակալված Վենեսուելայի ավելի քան 250 քաղաքացիներ առանց դատարանի որոշման կամ պաշտպանության իրավունքի տեղափոխվել են Սալվադոր եւ բանտարկվել խիստ ռեժիմի բանտում։