Ադրբեջանը, կրակելով Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի վրա, փորձում է շեղել վերջիններիս ուշադրությունը խաղաղության օրակարգից։ Այս մասին մայիսի 30-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ Հայաստանը չի տրվի այս սադրանքներին և չի նահանջի իր օրակարգից։

Անդրադառնալով վերջին օրերին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծություններին, պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը։

«Պաշտոնական Երևանն անդրադառնում է երկրի սահմանամերձ գոտիներում տեղի ունեցող գրեթե բոլոր միջադեպերին։ Մենք շարունակելու ենք առաջ մղել մեր խաղաղության օրակարգը։ Մենք նաև առաջարկել ենք, որ Ադրբեջանը երկկողմանի մոնիթորինգ անցկացնի սահմանային գոտում, ուսումնասիրի այդ միջադեպերը և պարզի, թե որ կողմն է դրանք հրահրում և ինչպես է դա տեղի ունենում։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը չի տրվի այս սադրանքներին և չի նահանջի իր խաղաղության օրակարգից։ Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին և ունենք նաև միջազգային հանրության աջակցությունը», - ասաց Հովհաննիսյանը։