Այդին նահանգի ժանդարմերիան ձերբակալել է հանցավոր խմբավորման 20 անդամի, որոնք օտարերկրացի զբոսաշրջիկների բանկային քարտերից գումար են գողացել։ Ընդհանուր առմամբ գողացվել է 1 մլրդ 150 մլն թուրքական լիրա (29,2 մլն դոլար), խարդախների գործողություններից տուժել է առնվազն 268 մարդ, հայտնել է Ege telegraf թերթը։

Ըստ պարբերականի, հանցավոր խմբավորման անդամների ձերբակալման գործողությունը, որը ղեկավարում էր Էգեյան ծովի ափին գտնվող հայտնի Կուշադասի հանգստավայրի հյուրանոցի սեփականատերը, իրականացվել է մայիսի 31-ին երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Անթալիայում, Իզմիրում, Ստամբուլում։ Դրա մասին հայտնել էր Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան, սակայն մանրամասներ չէր հայտնել։

Իրավապահները խարդախներին հետևել են չորս ամիս շարունակ՝ Կուշադասիի երկու հյուրանոցներում POS-տերմինալների օգտագործմամբ կասկածելի գործողությունների մասին տվյալներ ստանալուց հետո։ Պարզվել է, որ հանցավոր խմբի պարագլուխը զբոսաշրջիկների բանկային քարտերի տվյալները փոխանցել է այլ հյուրանոցների և մեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունների։ Գումարների բազմակի ելքագրման մասին օտարերկրացիներն իմացել են հայրենիք վերադառնալուց հետո, գրում է պարբերականը՝ հղում անելով քննության տվյալներին։ Տուժած զբոսաշրջիկների ազգային պատկանելությունը չի նշվում։