Էկվադորի Ազգային ասամբլեան շաբաթ օրը հավանություն է տվել երկրի նախագահ Դանիել Նոբոայի սատարած բարեփոխմանը, որը կառավարությանը նոր իրավական լիազորություններ է տալիս՝ զինված խմբավորումներին դիմակայելու և նրանց հանցավոր գործունեությունը սնուցող թմրավաճառության ցանցերը վերացնելու համար, հայտնում է Reuters-ը։
Օրինագծին կողմ է քվեարկել օրենսդիր մարմնում ներկա 141 պատգամավորներից 84-ը։ Դեմ է քվեարկել 47 օրենսդիր, իսկ 10-ը ձեռնպահ է մնացել։
37-ամյա Նոբոան, որն անցած ամիս ստանձնել է իր լիազորությունների կատարումը լրիվ չորսամյա ժամկետով, 2024 թվականի հունվարին՝ նախագահի պաշտոնում իր առաջին երդմնակալությունից ընդամենը մի քանի ամիս անց, հայտարարել էր հանցավոր խմբավորումների դեմ «ներքին զինված հակամարտություն» սկսելու մասին։
Խմբավորումների դեմ պայքարի արշավ հայտարարելուց հետո Նոբոան արտակարգ հրամանագրեր է ստորագրել՝ ոստիկանության հետ միասին երկրի տարածք զորքեր մտցնելու վերաբերյալ՝ զգալիորեն ուժեղացնելով անվտանգության ուժերը։
Նա նաև հետամուտ է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար ազատազրկման ժամկետների ավելացմանը և ձգտում է ավելի սերտ համագործակցության ԱՄՆ-ի և այլ երկրների հետ՝ հետախուզական տվյալներով և ռեսուրսներով փոխանակվելու համար։
Նոր օրենսդրական հիմքը Նոբոային ավելի մեծ ազատություն է տալիս ռեսուրսները հանցավորության դեմ պայքարին ուղղորդելու հարցում։
Նա նաև իրավունք կստանա ներում շնորհել ոստիկաններին և զինվորականներին՝ անվտանգության գործողությունների ընթացքում իրենց գործողությունների համար։
Ըստ հաստատված տեքստի, քրեական հետաքննության տակ գտնվող սպաները նույնպես կխուսափեն նախնական կալանքից, սակայն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ատեստավորում կանցնեն։
Բարեփոխումները նաև մինչև 30 տարվա ազատազրկում են սահմանում վառելիքի գողության համար, որը նավթարդյունաբերությանը հարյուրավոր միլիիոնավոր դոլարների վնաս է հասցնում։ Իշխանությունները նշում են, որ այս հանցավորությունը, անօրինական հանքարդյունահանման հետ մեկտեղ, վերջին տարիներին աճել է և հանցավոր խմբավորումների ֆինանսավորման առանցքային աղբյուր է։
Հանցավոր խմբավորումների հետ կապված ակտիվները կարող են ուղղակիորեն բռնագրավվել անվտանգության ուժերի կողմից, ինչը էական փոփոխություն է, որը թույլ է տալիս բռնագրավումն ավելի օպերատիվ իրականացնել՝ համեմատած ակտիվների բռնագրավման նախկին, հաճախ երկարատև դատական գործընթացների հետ։
Նման խմբերը ղեկավարող, դրանց անդամակցող կամ նրանց հետ համագործակցող անձինք կդատապարտվեն մինչև 30 տարվա ազատազրկման։
Բարեփոխումները նաև տնտեսական խթաններ են նախատեսում բռնությունից տուժած ոլորտների համար։