Մոտ ապագայում առնվազն Երեւանում կվերանա «ավտոտեսուչ» հասկացությունը: Այդ մասին այսօր` հունվարի 12-ին, հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Շուտով մենք ամբողջ քաղաքը կփակենք տեսառադարներով, նրանք կվերածվեն պարեկային ծառայությունների (նկատի ունի ավտոտեսուչներին,-խմբ), որոնք ավելի շատ կիրականացվեն բակերում, որտեղ ժողովուրդն ավելի շատ մեր կարիքն ունի, որովհետեւ լինում են բնակարանային գողություններ, կուտակումներ»,- նշեց Վ. Գասպարյանը:

Սակայն, նրա խոսքով, տեղամասային տեսուչների ինստիտուտը չի վերանա: «Երբ նախագահի հետ այցելում էինք ռադարային կենտրոն, խնդիր դրվեց նախագահի կողմից, որ այն տարածքներում, ուր տեղադրված են այդ ռադարները, նվազագույնի հասցնենք ոստիկանների, պետավտոտեսչության ներկայությունը»,-ասաց Վ. Գասպարյանը:

Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչեւ 2013 թ., սակայն ոստիկանապետի ներկայացմամբ` 2012 թ. առաջին կիսամյակում Երեւանում այդ բարեփոխումներն արդեն ավարտված կլինեն: Արդեն իսկ ներկայում ստեղծված է հատուկ գումարտակ, որը դասընթացներ է անցնում պարեկային ծառայություն իրականացնելու նպատակով: Սպայական կազմը տիրապետում է հոգեբանական գիտելիքներին, օտար լեզուներին, կարող է բժշկական առաջին օգնություն ցուցաբերել եւ այլն: Ոստիկանապետը խոստացավ, որ մինչեւ 2013 թ. գարնանը պահակապարեկային ողջ գունդը կբերվի այդ որակին: