Պահանջելով անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի` ընդդիմությունն արդեն այսօր փորձում է արդարացնել սեփական պարտությունը 2012 թվականի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին այսօր` հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, անվանելով այդ փոփոխությունները «արդեն պայթած նախընտրական փուչիկ»: Նրա խոսքով` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը քննարկման առարկա է դարձել վերջին տարիներին, եւ որեւէ նոր բան այս առաջարկում չկա:

«Խորհրդարանական ընտրություններին մնացել է քիչ ժամանակ, եւ արդեն 2 ամսից հայտնի կդառնան թեկնածուները, կուսակցությունների ցուցակները եւ այլն: Այդ պայմաններում այդպիսի պահանջներ եւ առաջարկներ առաջ քաշելը ոչ այլ ինչ է,  քան` պոպուլիզմ: Ուշ է խոսել ընտրությունների համակարգը փոփոխելու մասին, երբ ընտրությունները քթի տակ են: Այս ձեւով ընդդիմությունը հող է նախապատրաստում, որ արդարացնի սեփական պարտությունը»,- նշեց Մելիքյանը:

Պատգամավորները նաեւ նշեց, որ այդ հարցը կարելի է քննարկել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմին. «Վստահ եմ, որ ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու հարցը քննարկվելու է դեռ 15-20,  եթե ոչ 30 տարի: Վաղ է խոսել այդ մասին, մինչեւ 2017 թվականը շատ ժամանակ կա»,- ասել է Մելիքյանը:

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել է, որ  «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է Ազգային ժողովի ներկայիս խառն ընտրակարգից անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Առաջարկը պաշտպանել եւ ողջունել են Հայ ազգային կոնգրեսը, «Ազատ դեմոկրատներ» (ԱԴԿ), «Շրջադարձ» եւ Ժողովրդական (ԺԿ), Հայաստանի ռամկավար ազատական (ՀՌԱԿ), Ազգային ժողովրդավարական (ԱԺԿ), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական (ՀԱՍԿ), Միավորված աշխատանքային (ՄԱԿ), Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) կուսակցությունները, քաղաքական ու քաղաքացիական բազմաթիվ խմբեր ու մտավորականներ: