Ավարտելով այցը Բելառուս` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հունվարի 13-ին հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության խնդիրների լայն շրջանակ եւ հանգամանալից անդրադարձ է կատարվել Երեւանում ստորագրված ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության միջոցառումների ծրագրին եւ ժամանակացույցին` ներառյալ «Կանալ», «Նելեգալ», «Պրոկսի» միջոցառումների իրականացմանը, որոնք առնչվում են տեղեկատվական անվտանգությանը, ապօրինի միգրացիային եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի խնդիրներին: Քննարկվել են նաեւ 2012թ. Հայաստանում ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժության անցկանցմանն առնչվող հարցեր: Այս եւ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրականացման նպատակով սույն թվականի փետրվար ամսին Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա կգտնվի նաեւ հայ անվանի հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուղարկավորման արարողությանը:




























