Մեծ Բրիտանիայի Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (AOHR UK) հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այսպես կոչված Գազայի մարդասիրական հիմնադրամի (ԳՄՀ) միջոցով ներդրված օգնության բաշխման համակարգին վաղ շրջանում ցուցաբերած դիմադրությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի և արևմտյան պաշտոնյաների կողմից դրա վտանգավոր դերի մասին հրապարակային նախազգուշացումներին, բոլոր կողմերը չեն կարողացել ճնշում գործադրել իսրայելական օկուպացիայի վրա՝ մարդասիրական աշխատանքը պաշտպանելու և օգնության բաշխումը ռազմականացնելու ծրագիրը խափանելու համար։

Մարդասիրական կազմակերպությունը պարզաբանել է, որ ԳՄՀ-ի ստեղծման հանգամանքները և ժամանակը՝ ՄԱԿ-ի շրջանակներից դուրս են և գործում են իսրայելական բանակի ու հատուկ ծառայությունների հետ սերտ համակարգմամբ։ Նրանք հստակ ցույց են տալիս, որ դրա նպատակը օգնություն հասցնելը չէ։ Դրա իրական նպատակն է ուժեղացնել բնակչության սովն ու նվաստացումը, նպաստել պաղեստինցիների տեղահանմանը, սրել նրանց տառապանքները և նույնիսկ սպանել նրանց՝ սննդի բաժիններ ստանալու փորձերի ժամանակ։ Մինչ ՄԱԿ-ը ղեկավարում է օգնության բաշխման 400 կետ, ԳՄՀ-ն ստեղծել է ընդամենը չորսը՝ բոլորը հարավում՝ միտումնավոր ստիպելով մարդկանց տեղափոխվել այնտեղ՝ սնունդ փնտրելու համար։

Կազմակերպությունը շեշտել է, որ շարունակվող ցեղասպանության ավելի քան 600 օրերի և սահմանների ամբողջական շրջափակման ավելի քան 90 օրերի ընթացքում իսրայելական օկուպացիան համակարգված կերպով խոչընդոտում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների աշխատանքին։ Սա արտահայտվում է սահմանային անցակետերի բազմակի փակմամբ, մարդասիրական շարասյուների վրա հարձակումներով (այդ թվում՝ կազմակերպված տեղական ավազակախմբերի միջոցով), պարենի բաշխման կենտրոնների, խոհանոցների, հացի փռերի ռմբակոծություններով, ինչպես նաև մարդասիրական աշխատողների սպանություններով։ Բացի այդ, իրականացվում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) վարկաբեկելու արշավ՝ փորձելով կեղծ ձևով գործակալությունը կապել ահաբեկչության հետ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԳՄՀ-ն ստեղծվել է 2025 թվականի փետրվարի 12-ին՝ նպատակ ունենալով խաթարել ՄԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների դերը, ինչպես նաև մարդասիրական օգնությունն օգտագործել որպես ցեղասպանության զենք։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԳՄՀ-ն գրանցված է Ժնևում (Շվեյցարիա) և Դելավերում (ԱՄՆ) և ղեկավարվում է չորս անձի կողմից՝ Դավիթ Փափազյան (հայ՝ բնակվոում է Մեծ Բրիտանիայում, Ժնևի մասնաճյուղի տնօրեն), Դավիթ Քյոլեր (Շվեյցարիայի քաղաքացի), Ջոնի Մուր-կրտսեր (Դելավերի մասնաճյուղի տնօրեն) և Լոյկ Հենդերսոն (ամերիկացի՝ Վիրջինիա նահանգից)։ Հաղորդվում է, որ ԳՄՀ-ում աշխատում է ավելի քան 300 զինված աշխատակից։

AOHR UK-ը նշել է, որ բաշխման կետերի կենտրոնացումը հարավում ստիպում է հյուսիսում ապրող մարդկանց քայլել հարյուրավոր կիլոմետրեր, ինչը նպաստում է նրանց տեղահանմանը և սրում տառապանքները: Խոցելի խմբերը՝ տարեցներն ու հիվանդները, հաճախ չեն կարողանում հասնել կենտրոններ և մնում են առանց սննդի։

Կազմակերպության կարծիքով՝ ԳՄՀ-ի ղեկավարների ներգրավվածությունը պատերազմական հանցագործություններում անվիճելի է: Միջազգային իրավունքի համաձայն՝ մարդասիրական օգնությունը պետք է անկախ մնա օկուպացիոն ուժերից: Այս ոլորտում գործող որևէ կազմակերպություն չպետք է փոխազդի կամ պայմանագրեր կնքի օկուպացիոն ուժերի հետ, քանի որ դա ծառայում է նրանց քաղաքական և ռազմական նպատակներին:

AOHR UK-ը շեշտել է, որ ԳՄՀ-ի ղեկավարությունը և անձնակազմը քաջ գիտակցել են, որ կազմակերպությունը ստեղծվել է ռազմական նպատակներին ծառայելու համար և չեն ունեցել որևէ փորձ մարդասիրական ոլորտում: Սա հաստատվել է ԳՄՀ-ի գործադիր տնօրեն Ջեյք Վուդի և մի շարք այլ պաշտոնյաների հրաժարականով, որը տեղի է ունեցել մի շարք մեղադրանքներից հետո: Օգնության բաշխման կետերում տեղի ունեցած մահացու միջադեպերին հաջորդել են հետագա հրաժարականները:

Կազմակերպությունը նշել է, որ 2025 թվականի մայիսի 27-ին Ռաֆահի Թել Ալ-Սուլթանի բաշխման կենտրոնում ԳՄՀ-ի գործողությունների մեկնարկից ի վեր պարզ է դարձել, որ օկուպացիայի կողմից պարտադրված բաշխման համակարգը նախատեսված է Գազայի ժողովրդին հպատակեցնելու և հյուսիսից նրանց տեղահանությունը հեշտացնելու համար: Սահմանափակ տարածքում հազարավոր մարդկանց քաոսն ու ճնշումը հանգեցրել են խուճապի, որն էլ ավելի է սրվել օկուպացիայի կողմից կրակոցների հետևանքով, որոնց հետևանքով առաջին օրը զոհվել է 10 և վիրավորվել ավելի քան 60 մարդ: Հաջորդ օրը ևս յոթ մարդ է սպանվել: Ընդհանուր առմամբ, երկու օրվա ընթացքում սպանվել է 17, վիրավորվել 86 մարդ, իսկ յոթը անհետ կորել են:

2025 թվականի հունիսի 1-ին խաղաղ բնակիչները կրկին մոտեցել են Ռաֆահի անցակետին և այդ ժամանակ իսրայելական ուժերը իրականացրել են ևս մեկ կոտորած, որի ժամանակ սպանել են 31 և վիրավորել ավելի քան 170 մարդու: Չնայած օկուպացիոն ուժերի և ԳՄՀ-ի զինված պահակների կողմից կրակոցների հստակ ապացույցներին՝ Իսրայելը հերքել է դա և փորձել է մեղադրել պաղեստինցիներին: Հունիսի 3-ին տեղի է ունեցել ևս մեկ կոտորած, որի հետևանքով զոհվել է 27 և վիրավորվել 160 մարդ: Դա քաղցած և խաղաղ բնակիչների դեմ մահացու ուժի կիրառման կրկնվող օրինաչափության մաս է:

Հետագա օրերին բռնությունը միայն ուժեղացել է։ Հունիսի 6-ին, երբ մարդիկ մոտեցել են բաշխման կետին՝ նրանց գնդակահարել և գնդակոծել են, զոհվել է առնվազն 9 մարդ։ Հունիսի 7-ին, Ռաֆահի Ալ-Ալամ օղակաձև հատվածում հրաձգությունը խլել է 8 խաղաղ բնակչի կյանք։ Հունիսի 8-ին, Ռաֆահում և Վադի Գազա կամրջի մոտ կրկին հարձակումներ են տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել է առնվազն 5 մարդ։ Հունիսի 9-ին, Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է բաշխման կենտրոնի մոտ 14 զոհի մասին։ Ողբերգության գագաթնակետը դարձել է հունիսի 10-ը, երբ մեկ օրում 36 անձ սպանվել է, իսկ 207-ը վիրավորվել։ Բաշխման կետերը վերածվել են մահվան թակարդների։

Գնդակահարությունների համակարգված բնույթը կարիքավորների նկատմամբ բռնությունը դարձրել է սովորական երևույթ։ Սակայն ԳՄՀ-ն ողջամիտ քայլեր չի ձեռնարկել իրավիճակը փրկելու կամ Գազայից հեռանալու համար։ Փոխարենը՝ նրա ներկայացուցիչները փորձել են արդարացնել հանցագործությունները «բանակը նախազգուշական կրակոցներ է արձակել» արտահայտություններով՝ չճանաչելով ո՛չ զոհերին, ո՛չ բռնության պատճառները։ Դա ցույց է տալիս ԳՄՀ վարչակազմի հանձնառությունը՝ իր առաքելությունը ցանկացած գնով, այդ թվում՝ պաղեստինցիների կյանքի գնով կատարելու վերաբերյալ։

Մեծ Բրիտանիայի Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (AOHR UK) կոչ է արել Միացյալ Թագավորության հակաահաբեկչական ստորաբաժանմանը (SO15) հետաքննել Դավիթ Փափազյանի (Բաբազյանի) գործունեությունը։ Վերջինս բնակվում է Մեծ Բրիտանիայում և գրանցված է որպես Ժնևի մասնաճյուղի տնօրեն։ Նրան կասկածում են ռազմական հանցագործություններին մասնակցելու և մի կառույց ղեկավարելու մեջ, որը մարդասիրական գործողություններն օգտագործում է ի շահ իսրայելական օկուպացիայի։

Կազմակերպությունը նաև դիմել է Շվեյցարիայի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ փակել ԳՄՀ-ն և հետաքննել Դավիթ Քյոլերի գործունեությունը, քանի որ հիմնադրամը գործում է որպես իսրայելական բանակի շարունակություն՝ իրականացնելով նրա ռազմական նպատակները մարդասիրական գործունեության քողի ներքո։ Այն նաև խախտում է միջազգային գործակալությունների աշխատանքը և նպաստում է պաղեստինցիների զանգվածային սպանություններին։ Հայաստանին կոչ է արվել պատասխանատվություն ստանձնել քաղաքացի Դավիթ Փափազյանի համար և հեռացնել նրան FlyArna՝ Հայաստանի ազգային ավիաընկերության վարչության նախագահի պաշտոնից։

Կազմակերպությունը նշում է, որ ԳՄՀ-ի գործունեությունը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները՝ չեզոքությունն ու անկախությունը։ Այս սկզբունքներն ամրագրված են ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մանդատներում և Sphere ստանդարտներում, որոնք արգելում են համագործակցությունը կռվող կողմերի, հատկապես օկուպացիոն ուժերի հետ։ Նման համագործակցությունը սպառնալիք է ներկայացնում այդ սկզբունքների համար։ Սա հանդիսանում է ինչպես սովորական, այնպես էլ պայմանագրային միջազգային մարդասիրական իրավունքի խախտում, ներառյալ Ժնևի կոնվենցիաների I լրացուցիչ արձանագրության (1977) 70-րդ հոդվածը, որում ասվում է. «Օգնության գործողություններն իրականացվում են անաչառ մարդասիրական կազմակերպությունների կողմից և պետք է իրականացվեն առանց միջամտության»։

Բացի չեզոքության խախտումից և օգնության ռազմականացումից՝ ԳՄՀ-ի ղեկավարությունը գիտակցաբար նպաստել է Գազայի բնակչության սովին՝ խոչընդոտելով ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը։ Նրանք խաղաղ բնակիչներին գրավել են վտանգավոր վայրեր՝ բաշխման կետերը վերածելով մահվան գոտիների։

Այս ծանրագույն իրավիճակը պահանջում է անհապաղ և վճռական գործողություններ միջազգային հանրության կողմից։ Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի լեգիտիմ, մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, որոնք ճանաչված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Մտահոգության մասին հայտարարությունները և լռությունը անընդունելի են Գազայում շարունակվող աղետի ֆոնին։ Նեթանյահուն և նրա կառավարությունը մտադիր են ոչնչացնել Գազայում բոլոր ողջ մարդկանց՝ օգտվելով աշխարհի անգործությունից։ Միջազգային հանրությունն ունի գայս ցեղասպանության գլխավոր հովանավոր Միացյալ Նահանգների գերիշխանության դեմ պայքարելու միջոցներ և կարող է ստիպել օկուպացիոն իշխանություններին պահպանել միջազգային իրավունքը:

Ներկայումս Մեծ Բրիտանիայի մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (AOHR UK) պաշտոնական բողոք է պատրաստում Միջազգային քրեական դատարանի դատախազական գրասենյակ՝ պահանջելով հետաքննություն սկսել ԳՄՀ-ի ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Գազայում շարունակվող ցեղասպանության ընթացքում նրանց մասնակցությանը, ինչպես նաև նրանց ներգրավվածությանը սովի, բռնի տեղահանման, խոշտանգումների և դիտավորյալ սպանությունների հանցագործություններին։