Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է պատրաստել Հայ հեղափոխական դաշնակցության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է գույքահարկից ազատել երրորդ եւ չորրորդ կարգի վթարային բնակարանները:
Կառավարության բացասական եզրակացությունը կհաստատվի հունվարի 19-ի նիստում` տարածքային կառավարման նախարարության ներկայացմամբ:
ՀՅԴ պատգամավորներ Արա Նռանյանը, Արտյուշ Շահբազյանը, Արծվիկ Մինասյանը եւ նրանց միացած ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանն իրենց օրենսդրական առաջարկությունը հիմնավորել են նրանով, որ վթարային բնակարանների բնակիչները ոչ միայն ապրում են անվտանգության եւ կոմունալ-կենցաղային տարրական նորմերի բացակայության պայմաններում, այլ նույնիսկ ի վիճակի չեն գրավադրել իրենց գույքը, խնդիրներ են ունենում բնակարանների օտարման հարցում եւ չեն կարողանում իրականացնել այլ գործարքներ:
Սակայն կառավարության եզրակացության մեջ նշված է, որ չորրորդ կարգի վթարային բնակարանների համար արդեն իսկ գործող օրենսդրությամբ գույքահարկ չի վճարվում: Այսինքն` բազմաբնակարան բնակելի շենքերի կադաստրային գնահատման արժեքն որոշելիս 4-րդ կարգի վնասվածության շինությունների համար սահմանված է 0.0 գործակից, հետեւաբար` գույքահարկի գումարը զրոյացվում է:
Երրորդ կարգի վնասվածության բնակարանների համար սահմանված է 0.5 գործակիցը, սակայն կառավարությունը գտնում է, որ ամբողջական ազատում պետք է կատարի միայն համայնքի ղեկավարությունը` արտոնություն տրամադրելով: Կառավարությունը չի բացառում նաեւ այդպիսի բնակարաններում բնակվողներին ֆինանսական աջակցության տրամադրումը:



























