Միավորված աշխատանքային կուսակցությունը մասնակցելու է այս տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը: «Տակտիկական նկատառումներից ելնելով` կարող է լինել նաեւ մեծամասնական առաջադրում: Մեծամասնականով մասնակցելու մասին որոշումը դեռ կայացված չէ, որոշելուն պես կտեղեկացնենք հասարակությանը»,- ասաց նա:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Արտակ Սարգսյանը («ՍԱՍ-ի Արտակ»), որն արդեն սկսել է զբաղվել նախընտրական բարեգործությամբ: «Այս ընտրատարածքում առաջադրվելու հավակնություններ է դրսեւորում նաեւ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նախորդ ընտրությունների ժամանակ այս ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով), որը հաջորդ խորհրդարանում ներկայացված չի լինի»,- գրել էր թերթերից մեկը: Անդրադառանալով այս հրապարակմանը` Գուրգեն Արսենյանը նշեց, որ թիվ 7 ընտարատարածքն Արաբկիրում չէ, այնտեղ 4-րդ եւ 5-րդ ընտրատարածքն է:




























