Մարտունիի Աբովյան փողոցին հարակից «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, հունվարի 5-ի երեկոյան տեղի ունեցած «ռազբոռկայի» եւ կրակոցների պատճառը, որի արդյունքում 4 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, NEWS.am-ի տեղեկություններով հեռախոսազանգն է եղել: Մարտունիի ոստիկանության քննչականի պետ Խաչիկ Ավոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս վարկածը եւս չհերքեց:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Մարտունիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունիի բաժին ահազանգ էր ստացվել, որ ուսի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչ, 26-ամյա Սարգիս Սարգսյանը: Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում Մարտունիի Աբովյան փողոցին հարակից «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են Մարտունիի բնակիչներ Արմեն Գասպարյանն ու Համլետ Պողոսյանը: Վիճաբանության ժամանակ Արմեն Գասպարյանն իր մոտ եղած ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով վնասվածքներ է ստացել պատահական անցորդ Սարգիս Սարգսյանը: Վնասվածքներ է ստացել նաեւ Համլետ Պողոսյանը: Վերջինս պաշտպանության նախարարության աշխատակից է եւ տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Արմեն Գասպարյանը դեպքից հետո դիմել է փախուստի, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանություն) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:
Այսպիսով` NEWS.am-ին հայտնի է դարձել, որ «ռազբոռկայից» առաջ Արմեն Գասպարյանը պարզել է, որ Ռուսաստանում բնակվող մի հեղինակավոր անձնավորության մոտ, գործով տուժողը, որի ինքնությունը դեռ ոստիկանությունը պաշտոնապես չի պարզել, քանի որ տուժողներն իրենց ներկայացրել են որպես անցորդ, իր հասցեին անհարկի խոսակցություններ է ծավալել: Արմեն Գասպարյանը նրան հրավիրել է «ռազբոռկայի» ճիշտն ու սխալը հասկանալու համար: Ի դեպ, երկու կողմերն էլ միայնակ չեն եկել հանդիպման:
Այսպիսով, Արմեն Գասպարյանը, երբ հարցրել է, թե ինչու է իր հասցեին անհարկի արտահայտություններ թույլ տվել, վերջինս պատասխանել է, որ ինքը նման բան չի ասել: Դրանից հետո Արմեն Գասպարյանն իր հեռախոսից զանգահարել է Ռուսաստանում գտնվող ծանոթին եւ բարձրախոսը միացնելով հարցրել, թե տվյալ անձն ինչ էր ասել իր հասցեին: Սխալ հանելով ներկայիս տուժողին, Գասպարյանը կրակել է նրա եւ եւս երեք հոգու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության Մարտունիի բաժնի քննչականի պետ Խաչիկ Ավոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Արմեն Գասպարյանը դեռ չի հայտնաբերվել: «Ավելին` ներկա պահին ում նկատամամբ, որ կատարվել է հանցագործությունը այդ անձին չունենք եւ, ով որ կատարել է հանցագործությունը այդ անձին եւս չունենք: Այսինքն` հանցագործություն կատարողի անունը կա, բայց ինքը չկա: Ներկա պահին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հեռախոսազանգին, Խաչիկ Ավոյանը նկատեց. «Նախաքննության գաղտնիությունից ելնելով հեռախոսազանգի հետ կապված ինֆորմացիան ես ո’չ հերքում եմ, ո’չ էլ` հաստատում: Այսինքն` այդ հանգամանքը եւս քննվում է, բայց կոնկրետ ապացույցներ դեռ չենք ստացել: Կոնկրետ անձինք չկան, որ ասեն, որ ներկա են եղել այդ միջադեպին»:
Հարցին, թե վիրավորներն արդյոք բավարար ինֆորմացիայի աղբյուր չե՞ն, նա պատասխանեց, որ վիրավորները պատճառաբանել են, թե իրենք պատահական են հայտնվել այդտեղ, հետեւաբար տեղեկություն չունեն, թե ինչն ինչոց է: Իսկ այն հարցին, թե հեռախոսազանգերը չե՞ն վերծանել, արձագանքեց. «Դա արդեն նախաքննության գործառույթներն են, որը հրապարակման ենթակա չէ: Այդ բոլոր գործողություններն ընթացքի մեջ են, բայց նախաքննության գաղտնիությունից ելնելով դեռեւս ավելին ասել չեմ կարող»:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























