«Mercedes-Benz»-ը, «Audi»-ն և «BMW»-ն հայտնել են շահույթի մակարդակի անկման մասին։ 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ «Mercedes-Benz»-ի շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 69 տոկոսով՝ հասնելով 957 միլիոն եվրոյի։ «BMW»-ի արդյունքը կազմել է 1,8 միլիարդ եվրո՝ գրեթե մեկ երրորդով նվազում։ «Audi»-ին պատկանող «Volkswagen Group»-ի շահույթը կազմել է 2,29 միլիարդ եվրո, ինչը նույնպես մոտ մեկ երրորդով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնում է Motor.ru-ն։ Ընդ որում՝ երեք ավտոհսկաներն էլ տեղեկացնում են հիբրիդային և մաքուր էլեկտրական մեքենաների բաժնի աճի մասին։
Առաջին կիսամյակում «Mercedes-Benz»-ի զուտ շահույթը նվազել է 56 տոկոսով՝ հասնելով մոտ 2,7 միլիարդ եվրոյի։ Հասույթը նվազել է 9 տոկոսով։ Մարդատար ավտոմեքենաների վաճառքը չի հասել 900 հազար միավորի (-6 տոկոս), իսկ «Mercedes-Benz Vans» ստորաբաժանումը կարողացել է իրացնել 176 հազար մեքենա (-16 տոկոս)։ Երկրորդ եռամսյակում արտադրողը մատակարարել է 547 հազար ավտոմեքենա (-9 տոկոս), ներառյալ միկրոավտոբուսներն ու փոքր բեռնատարները։
BMW Group-ի շահույթը հունվար-հունիս ամիսներին կազմել է չորս միլիարդ եվրոյից մի փոքր ավելի՝ նվազելով 29 տոկոսով։ Եկամուտը նվազել է 8 տոկոսով։
«BMW»-ի մատակարարումների մասով առաջին կիսամյակի արդյունքը «կայուն» է՝ 1,2 միլիոն մեքենա, ընդ որում՝ ընկերությունում ակնկալում են տարվա արդյունքներով փոքր աճ։ Երկրորդ եռամսյակում «BMW»-ն վաճառել է ավելի քան 621 հազար մեքենա՝ բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը 0,4 տոկոսով։
Առաջին կիսամյակում «Audi Group»-ի գործառնական շահույթը նվազել է մինչև 1,09 միլիարդ եվրո (-45,1 տոկոս)։ Միևնույն ժամանակ, խմբի հասույթն աճել է 5,3 տոկոսով։ Կես տարվա ընթացքում հաճախորդներին է ուղարկվել 794 հազար մեքենա (-5,9 տոկոս), ներառյալ «Bentley» և «Lamborghini»-ն, իսկ վերջին երեք ամսում՝ 405,3 հազար մեքենա (2024 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքը կազմել է 441,9 հազար մեքենա)։





























