Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից հունվարի 21-ին, փախուստի դիմած Էդմունդ Ծատուրյանը մինչեւ ձերբակալվելը եւ փախուստի դիմելը «Փեթակ» տոնավաճառից փորձել է արկղով սառեցրած հավ գողանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին փոխանցեցին ՀՀ ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի բաժնից:
Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանները ձերբակալվածին տարել եւ հանձնել են դատարանի կարգադրիչներին, ինչից հետո նրա նկատմամբ ամբողջ պատասխանատվությունը դատարանինն է: Ձերբակալվածը կարգադրիչներին հայտնել է, որ ցանկանում է հոգալ բնական կարիքները։ Կարգադրիչները նրան ուղեկցել են զուգարան, որից հետո ձեռնաշղթաներով կալանավորը զուգարանի պատուհանից դիմել է փախուստի:
Ոստիկանությունը ձեռնարկել է անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ` նրան հայտնաբերելու համար: ՀՀ ոստիկանության Շենգավիթ վարչական շրջանի բաժնից տեղեկացրեցին նաեւ, որ որոնողական աշխատանքները նրա նկատմամբ շարունակվում են: Իսկ մինչ այդ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 37. 137 հոդվածով` գողության փորձի հատկանիշներով: Ի դեպ, Էդմունդ Ծատուրյանի հետ եղել է նաեւ Կարեն Թագվորյանը, որի նկատմամբ արդեն կալանք է կիրառված:




























