Lotus ընկերությունը հաստատել է, որ մշակում է Emira սպորտային մեքենայի վերալիցքավորվող հիբրիդային մոդիֆիկացիան (PHEV): Նոր տարբերակը կթողարկվի մոդելի պլանային թարմացման շրջանակներում, որը նվիրված է 2027 թվականին Euro 7 բնապահպանական ստանդարտի ուժի մեջ մտնելուն, գրում է Autocar-ը ։ 

Ըստ Lotus-ի գործադիր տնօրեն Ֆեն Ցինֆենի՝ Emira PHEV-ը կստանա ֆիրմային Hyper Hybrid համակարգը, որն առաջին անգամ կներդրվի Eletre քրոսովերի վրա։ Այս լուծումը պայմանավորված է արտանետումների խստացված նորմերին համապատասխանելու և միևնույն ժամանակ, ապրանքանիշի բարձր դինամիկ բնութագրերը պահպանելու անհրաժեշտությամբ։

Վերացման վտանգի տակ է հայտնվել Emira-ի ներկայիս տարբերակը` քառամխոց շարժիչով Mercedes-AMG-ն, քանի որ չի նախատեսվում այն հարմարեցնել Euro 7 ստանդարտին։ Toyota-ի V6 շարժիչով տարբերակը նույնպես լուրջ վերամշակման կարիք կունենա, այլապես չի կարողանա շուկա դուրս գալ 2027 թվականից հետո։

Հիբրիդային սպորտքարի նախագիծը հնարավոր է դարձել Lotus Technology-ի (Չինաստան) և Lotus Cars-ի (Մեծ Բրիտանիա) սերտ համագործակցության շնորհիվ։ Ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ ստորաբաժանումների համախմբումը թույլ կտա կրճատել ծախսերը և արագացնել տեխնոլոգիաների մշակումը։

Ֆեն Ցինֆենը հաստատել է, որ Lotus-ը հավատարիմ է մնում Մեծ Բրիտանիային՝ որպես արտադրական բազա, չնայած աշխատակիցների մոտ 40%-ի (550 աշխատատեղ) կրճատմանը և արտադրությունը հնարավոր տեղափոխելու մասին լուրերին։

Emira-ի ապագան կարևոր է նաև Հեթելի (Նորֆոլկ) գործարանի աշխատակիցների համար, ովքեր անորոշության մեջ են եղել՝ պայմանավորված վաճառքների անկմամբ և ԱՄՆ արտահանման հետ կապված խնդիրներով։ 2025 թվականի առաջին կիսամյակում Lotus-ի մատակարարումները նվազել են գրեթե 50%-ով (մինչև 2813 մեքենա), իսկ Emira-ի վաճառքները՝ 64%-ով։ Սակայն իրավիճակը բարելավվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ ներմուծման մաքսատուրքերը 27,5%-ից մինչև 15% իջեցնելու շուրջ։

Lotus-ի ֆինանսական արդյունքները դեռևս վնասաբեր են, սակայն ընկերությունը խաղադրույք է կատարում հիբրիդային տեխնոլոգիաների վրա՝ դրանցում տեսնելով ավելի իրատեսական ուղի, քան ամբողջությամբ էլեկտրական մեքենաների անցումը։