Փետրվարի 5-ին կայանալու է «Լոռվա Ձմեռ 2012» 42-րդ ավանդական մարզատոնահանդեսը, որն այս տարի նվիրված է ՀՀ բանակի 20 ամյակին: Այս  նպատակով Վանաձորի քաղաքապետարանից հատկացվել է 2 մլն դրամ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Գուրգեն Գեւորգյանն ասել է, որ այդ օրը պլանավորվում է օրը վերածել մեծ տոնախմբության, որին մասնակցելու են ոչ միայն Վանաձորցիները, այլ նաեւ մարզի բոլոր համայնքները: Ի տարբերություն նախորդների, հյուրերի թվում այս տարի լինելու են նաեւ Ապարանի եւ Սեւան քաղաքների ներկայացուցիչները:

Մարզատոնահանդեսի ծրագրում ներառված են մի շարք սպորտաձեւեր, ինչպես նաեւ բազմաթիվ խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները պետք է պարգեւատրվեն քաղաքապխետարանի պատվոգրերով եւ հուշանվերներով: Խոսելով նախորդ տարիներին գրանցված  արտակարգ դեպքերից եւ պատահարներից, բաժնի պետն ասաց, որ դեպքեր այնուամենայնիվ եղել են. «Բայց դա եղել է միայն մասնակիցների մեղքով: Ասենք օրինակ սահնակի սխալ շահագործման, պատահել է, երբ մարդիկ կոտրվածքներ են ստացել»:

Նշենք, որ մարզատոնահանդեսի ժամանակ մասնակիցների անվտանգության նկատառումներից ելնելով տեղում աշխատում են ոստիկանության, շտապօգնության եւ փրկարար ծառայության աշխատակիցները: