Ձմեռային հանգիստն ավելի մատչելի է դարձել այժմ` ամանորյա տոներից հետո, քան Ամանորի օրերին էր: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տուրիստական գործակալությունների շրջանում: Նշվում է, որ ձմռանը արտերկրում հանգստանալ ցանկացող հայերը նախընտրում են Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Շրի Լանկան, իսկ Հայաստանում հանգստացողները` Ծաղկաձորը, հնարավոր է նաեւ Ջերմուկ, Դիլիջան եւ այլն:
Այսպես, «Դոլչե թրավելից» NEWS.am-ին հայտնեցին, որ Ամանորի հետ համեմատ` բավական էժանացել են փաթեթների գները: Դուբայում, օրինակ, 5-օրյա հանգիստը արժե 135 հազար դրամ, Թաիլանդում 9-օրյա հանգիստը` 350 հազար դրամ, իսկ Շրի Լանկայում` 250 հազար դրամ: Նրանց փոխանցմամբ` ձմեռային հանգիստը մատչելի է Հայաստանում, իսկ ամառային հանգիստը` արտերկրում: Դա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ օրինակ` Ծաղկաձորում գները երբեք չեն փոխվում, իսկ արտերկրում հանգստի գները կապված են սեզոնի հետ եւ տոնական օրերին բավականին թանկ են:
«Ջասուտա» տուրից հայտնեցին, որ մեկօրյա հանգիստը Ծաղկաձորում սկսվում է 30 հազար դրամից, Շրի Լանկայում` մոտ 200 դոլարին համարժեք դրամ է: Ըստ «Ռիմա թրավելի»` մեկօրյա հանգիստը Ծաղկաձորում սկսվում է 7500 դրամից, Եգիպտոսում 10-օրյա հանգիստն արժե մոտ 135 հազար դրամ, Դուբայում` 270 հազար դրամ: «Ավելի լավ է մարդիկ դրսում հանգստանան, քան Հայաստանում, որովհետեւ այստեղ շատ թանկ է: Այստեղ հանգստանալով եւ վճարելով միայն հյուրանոցի համար հանգիստն ավելի թանկ է նստում, քան արտերկրում հանգստանալով, երբ վճարում ես նաեւ ավիատոմսի համար»,- ասաց աշխատակցուհին: Նրա խոսքով` ձմեռային հանգիստն ընդհանրապես ավելի էժան է, քան ամառայինը:
«Ձմեռային հանգիստ թանկ է միայն տոնական օրերին, հենց դրանք ավարտվում են, գները միանգամից իջնում են»,- ասաց նա:
«Արմենտուրից» հայտնեցին, որ Եգիպտոսում եւԴուբայում 7-օրյա հանգիստը արժե 700 դոլարին համարժեք դրամ:«Լեւոն թրավելից» հայտնեցին, որ Եգիպտոսում հանգիստը արժե 600-700 դոլարին համարժեք դրամ, ԱՄԷ-ում` 1000-1200 դոլարին համարժեք դրամ, Շրի Լանկայում` 800-1000 դոլարին համարժեք դրամ: Նրա խոսքով` ամառային հանգիստը ավելի մատչելի է, քան ձմեռայինը, քանի որ չարտերային չվերթներ են լինում:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը




























