«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեդիա համագործակցության ֆորումը արժեքավոր հարթակ է դարձել աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ շփվելու համար, որտեղ մեդիան միավորվում է քաղաքակրթությունների երկխոսության համար: Ապագայում մեր ստեղծագործական թիմը հույս ունի շարունակել պատմություններ պատմել և ֆիլմեր նկարահանել, որոնք կամրապնդեն երկրների միջև մշակութային կապերը և թույլ կտան ավելի շատ մարդկանց հասկանալ միջազգային համագործակցության խորը իմաստը», - People's Daily-ին տված հարցազրույցում ասել է NEWS.am  լրատվական- վերլուծական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Նարինե Հովհաննիսյանը, ով այս պահին Չինաստանում է՝ 2025 թվականի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեդիա համագործակցության ֆորումին մասնակցելու նպատակով:

«In the Book of my Dreams» ֆիլմը «Մետաքսի ճանապարհ» հաղորդակցության երկրորդ միջազգային մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում գրան պրի (Grand Prize – Best Video) է նվաճել․ մեզ համար դա մեծ պատիվ և ոգեշնչում է։ Ֆիլմը ստեղծվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցությամբ»,- նշել է Հովհաննիսյանը։

Վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսը 11-ամյա տղա է։ Չինական ձեռագիր մատյանում նա հայտնաբերում է Չինաստանի և Հայաստանի կապերի մասին հիշատակումներ, ուղևորվում Մետաքսի մեծ ճանապարհի քարավանատուն, հայկական տեսարժան վայրերի մոտ հանդիպում չինացի զբոսաշրջիկների և ի վերջո, որոշում է ընդունվել հայ-չինական դպրոց՝ չինարեն սովորելու համար։ Ֆիլմն առաջին հերթին ուղղված է երիտասարդ սերնդին՝ նպատակ ունենալով հետաքրքրություն առաջացնել չինական մշակույթի և լեզվի նկատմամբ:

«Ֆիլմի վրա աշխատելիս մեր ստեղծագործական թիմը փորձել է համատեղել վավերագրականությունն ու գեղարվեստական հնարքները․ պահպանել հավաստիությունը և միևնույն ժամանակ հանդիսատեսին երևակայության և մտորումների տեղ թողնել։ Ուրախալի է, որ ֆիլմը ջերմ արձագանք է գտել թե՛ հայ, թե՛ չինացի հանդիսատեսի մոտ։ Դա մեծապես հնարավոր է դարձել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կողմից խթանվող մարդասիրական փոխանակումների շնորհիվ։ Մենք ցանկանում էի ցույց տալ ոչ միայն ենթակառուցվածքների և առևտրային կապերի զարգացումը, այլև առաջին հերթին՝ մարդկանց միջև շփումը և մշակույթների երկխոսությունը։ Վերջին տարիներին Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրությունն ավելի նկատելի է դառնում, ավելի շատ ուսանողներ են մեկնում Չինաստան սովորելու։ Միևնույն ժամանակ,  տեսնում ենք, թե ինչպես են ավելի ու ավելի շատ չինացի ընկերներ գալիս Հայաստան՝ ճանապարհորդելու։ Այս երկկողմանի հանդիպակաց դինամիկան թույլ է տալիս ավելի խորը զգալ այն փոխըմբռնման իմաստը, որը բերում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը»,- ասել է Հովհաննիսյանը։

Ըստ նրա գնահատականի՝ քաղաքակրթությունների երկխոսությունը սկսվում է մարդկային կարեկցանքից։ «Մենք՝ լրագրողներս, ոչ միայն տեղեկատվություն ենք փոխանցում, այլև կամուրջներ ենք կառուցում մշակույթների միջև՝ եզակի և անփոխարինելի դեր խաղալով մարդկային կապերի ամրապնդման գործում։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեդիա ֆորումը արժեքավոր հարթակ է դարձել ամբողջ աշխարհի գործընկերների հետ շփվելու համար, որտեղ մեդիան միավորվում է հանուն քաղաքակրթությունների երկխոսության։ Ապագայում հույս ունենք շարունակել պատմություններ պատմել և ֆիլմեր նկարահանել, որոնք կամրապնդեն մշակութային կապերը երկրների միջև և թույլ կտան ավելի շատ մարդկանց գիտակցել միջազգային համագործակցության խորը իմաստը»։