Հայաստանի բռնցքամարտիկներից միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն է նվաճել  2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր: Նա Երեւանում մեկնարկած Հայաստանի առաջնության մասնակիցների մեջ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փորձառու մարզիկն ասաց, որ հանրապետության առաջնությունը մտնում է Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ծրագրի մեջ:   

«Մարզավիճակս եւ մրցակցային փորձս պահպանելու համար ես եւ անձնական մարզիչս նպատակահարմար գտանք մասնակցել Հայաստանի առաջնությանը: Այնուհետեւ նախատեսել եմ մասնակցել  Ֆինլանդիայում կայանալիք միջազգային ավանդական մրցաշարին: Հետո իմ անձնական մարզիչն ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը միասին կորոշեն, թե ինչ ծրագրով եմ պատրաստվելու Օլիմպիական խաղերին»,- նշեց Հակոբյանը:

Մինչեւ Օլիմպիական խաղերը կայանալիք վարկանիշային մրցաշարում Լոնդոնի ուղեգիր նվաճելու  հայ բռնցքամարտիկների հնարավորությունների մասին Անդրանիկ Հակոբյանն ասաց. «Մենք այսօր շատ լավ բռնցքամարտիկներ ունենք, ուստի բոլոր նրանք, ովքեր կընդգրկվեն ազգային հավաքականի կազմում եւ կմասնակցեն վարկանիշային մրցաշարին, օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու հնարավորություններ ունեն: Ճիշտ է, տղաների համար դժվար է լինելու, որովհետեւ մրցաշարը կայանալու է Թուրքիայում, իսկ այդ երկրի բռնցքամարտիկները, եթե չեմ սխալվում, առայժմ օլիմպիական ուղեգիր չեն նվաճել: Իհարկե լավ կլինի, եթե տղաները 2-3 ուղեգիր բերեն Թուրքիայից, որպեսզի մենակ չմեկնեմ Լոնդոն: Եթե հանկարծ այնպես ստացվի, որ մենակ մեկնեմ Լոնդոն, ապա ամեն ինչ կանեմ պատվով հանդես գալու համար, բայց շատ եմ ուզում, որ ընկերներս էլ ուղեգիր նվաճեն, որպեսզի մի թիմով մասնակցենք օլիմպիական խաղերին»:

Անցած տարի Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում մեդալ չնվաճելը Անդրանիկ Հակոբյանը պայմանավորում է կազմակերպիչների կողմնակալությամբ.

«Բաքվի աշխարհի առաջնությունից կհիշվի լարվածությունը, որ ստեղծվել էր մեր թիմի շուրջ: Բոլորս շատ լարված վիճակում էինք գտնվում: Եթե այլ երկրում լիներ մրցաշարը, ապա հաստատ մեդալ կնվաճեի: Սակայն քառորդ եզրափակիչ մրցամարտում ինձ զրկեցին հաղթանակից, քանի որ առաջնության կազմակերպիչները պարզապես չէին ցանկանում, որ մարզադահլիճում բարձրացվեր Հայաստանի եռագույնը»:

Պատրաստեց Գարիկ Հովսեփյանը