Արարատում ո’չ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավ կա, ո’չ էլ` ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արարատի քաղաքապետ, ՀՀԿ-ական Աբրահամ Բաբայանը, արձագանքելով լուրերին, թե ԲՀԿ-ի Արարատի կառույցից անդամների արտահոսքը կա, որը ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի դեմ սկսված արշավի մի մասն է: «Ոչ մի արշավ էլ չկա, ոչ մի այդպիսի բան: Երկու կուսակցությունների միջեւ լարվածություն  էլ  չկա եւ յուրաքանչյուր կուսակցություն զբաղված է իր կուսակցական աշխատանքով»,- ավելացրեց քաղաքապետը:

Այն հարցին, թե իրեն որպես քաղաքապետ չի՞ հետաքրքրել, թե ինչու է փոխքաղաքապետը դուրս եկել ԲՀԿ-ից եւ հրաժարվել պաշտոնից, իսկ ԲՀԿ-ակաները լքում են կառույցը, նա պատասխանեց. «Ինձ ընդհանրապես դա շատ քիչ է հետաքրքրում: Սկսած արշավների դեմ հարցերին ես չունեմ պատասխանելու: Ես արդեն ասացի, որ յուրաքանչյուրը զբաղված է իր գործով եւ ոչ մի արշավ էլ չկա»: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից եւս հետաքրքրվեցինք, թե  ԲՀԿ Արարատի կառույցի անդամների արտահոսքն արդյոք պայմանավորվա՞ծ է կուսակցության դեմ սկսված արշավով, թե` ոչ, ինչին նա արձագանքեց. «Այդ հարցով մեր կենտրոնական գրասենյակը, ինչպես նաեւ տարածքային կառույցի ղեկավարությունը ուսումնասիրություն են կատարում: Այս պահին միայն կարող եմ ասել, որ մամուլում հրապարկված այն տեղեկությունները, որ  400 հոգի լքել է կուսակցության շարքերը չի համապաատսխանում իրականությանը»,- ավելացրեց Խաչիկ Գալստյանը: