Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններում Սպիտակի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանի դեմ մրցակցության դուրս եկած եւ ինքնաառաջադրված  ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀՇ-ից ինքնաառաջադրված Անանիկ Նիկողոսյանը:

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված իր այդ քայլը, նա պատասխանեց. «Հիմնական պատճառն այն է, որ Հայ ազգային կոնգրեսը, ՀՀՇ-ն, մեր ամբողջ ընդդիմությունն իր ողջ ուժերը կենտրոնացրել է Հրազդանում: Իսկ Սպիտակում հնարավոր չէր լինի միայն մեր ուժերով նորմալ պայքար ծավալել»:

Ավելի վաղ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  արձագանքելով Անանիկ Նիկողոսյանի հավանական ինքնաբացարկին արձագանքել էր.«Ինձ համար, համենայնդեպս նորություն կլինի: Ես գիտեմ, որ վճռական էր տրամադրված»: Հիշեցենք, որ Սպիտակում նախընտրական քարոզչությունը կանցկացվի հունվարի 25-ից փետրվարի 10-ը, իսկ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 12-ին: