Հայաստանում մարտի մեկ չի կրկնվի, բայց հասարակությունը պատրաստ է ընդվզման: Այս մասին, այսօր` հունվարի 26-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը, հավելելով, որ ՀԱԿ-ը որոշ հարցերում կողմնորոշվելուց հետո, նորից անպատճառ կակտիվանա իր միտինգներով եւ նախնընտրական շրջանում ի շահ իր գործընթացների կօգտագործի:
Լրագրողի այն հարցին, թե կիսո՞ւմ է ՀԱԿ-ի այն տեսակետը, որ հերթական խորհրդարանական ընտրությունները դառնալու են արտահերթ նախագահական ընտրություններ, նա պատասխանեց. «Արտահերթ, թե` հերթական, դա չէ կարեւորը: Կարեւորը, որ մենք կարողանանք համախմբվել եւ այն ուժը լինենք, որը կստիպի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել: Իրենք սովոր են անել այն, ինչ գայթակղիչ է իրենց համար, իսկ իշխանություն պահելը շատ գայթակղիչ է: Չեմ ցանկանում մեղադրել անձերին, քանի որ կան բացառիկ մեծ գաղափաներ ունեցող անձիք, որոնք կարող են քաղաքական որոշումներ կայացնել, կամք ցուցաբերել եւ փոխել համակարգը: Բայց 21-րդ դարում այդ մարդիկ գնալով քչանում են եւ համակարգն է որոշում հետեւանքերը: Մենք պետք է կարողանանք քաղաքացիական հասրակություն ձեւավորենք»:




























