Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնկավայրում հողային աշխատանքներ կատարելիս փլուզում է տեղի ունեցել և 2 քաղաքացի մնացել են հողազանգվածի տակ, նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ջրահեռացման խողովակների համար փոս փորելու ժամանակ Վաղաշեն գյուղի 19-րդ փողոցում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և այն լցվել է մոտ 4 մետր երկարությամբ փոսում աշխատանքներ կատարող Ստեփան Գ.-ի վրա:

Այս պահին գյուղացիները և փրկարարները աշխատանքներ են կատարում՝ քաղաքացուն այնտեղից դուրս բերելու ուղղությամբ:

Տեղում պարզվել է նաև, որ մեկին գյուղացիները կարողացել են իրենց ուժերով դուրս բերել փոսից:

Օպերատիվորեն ժամանել են նաև Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականցնում, որ երբ քաղաքացուն դուրս բերեն, անհրաժեշտության դեպքում բուժօգություն ցուցաբերեն, իսկ եթե կարիք լինի, տեղափոխեն հիվանդանոց: