Հոկտեմբերի 9–ին, Գեղարքունիքում տեղի ունեցած և երկու զոհի հանգեցրած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) և կատարվում է նախաքննություն։ Մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

NEWS.am–ի տեղեկություններով, ձերբակալվածը վարորդն է։

Մեր տեղեկություններով՝ տուժածները Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրից են:

Ավելի վաղ NEWS.am–ը նշել էր, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 18։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան զոհեր և տուժածներ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10  մ)․ ուղևորներից երկուսը մահացել են։

Ավտոմեքենայի վարորդը և վեց ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել մինչ գազի բալոնի պարպվելը։