Հոկտեմբերի 9–ին, Գեղարքունիքում տեղի ունեցած և երկու զոհի հանգեցրած ավտովթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրանք թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:
Տուժածներից երկուսը տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, նրանց առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վարդենիսի բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 18։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան զոհեր և տուժածներ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ)․ ուղևորներից երկուսը մահացել են։
Ավտոմեքենայի վարորդը և վեց ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) և կատարվում է նախաքննություն։
Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Մեր տեղեկություններով՝ տուժածները Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրից են:





























