Դինա Բոլուարտեի իմփիչմենթից հետո Պերուի նախագահի պաշտոնն ստանձնած Կոնգրեսի (միապալատ խորհրդարան) նախագահ Խոսե Խերին հայտարարել է, որ կկենտրոնանա հանցավորության դեմ պայքարի եւ երկրում թափանցիկ ընտրությունների կազմակերպման վրա։ Հանդիպումը հեռարձակվել է բարձրագույն օրենսդիր մարմնի YouTube ալիքով։

«Գլխավոր թշնամին հանցավորությունն ու հանցավոր կազմակերպություններն են։ Նրանք մեր թշնամիներն են, եւ մենք պատերազմ ենք հայտարարում նրանց դեմ։ Մենք երաշխավորում ենք թափանցիկ, մաքուր եւ կազմակերպված ընտրական գործընթաց»,- ասել է նա։

Ավելի վաղ Պերուի Կոնգրեսը միաձայն քվեարկել էր Բոլուարտեի իմփիչմենթի օգտին՝ անվտանգության ճգնաժամի պատճառով։ Բոլուարտեն չէր ներկայացել Կոնգրեսի նիստին։

Վերջին տարիներին Պերուում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Մարտին, հանցագործությունների աճի պատճառով, խորհրդարանը անվստահության քվե էր ներկայացրել ներքին գործերի նախարար Խուան Խոսե Սանտիվանեսին։ Մայիսին վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական տվեց անվտանգության ճգնաժամի պատճառով։ Սեպտեմբերին հրապարակված CPI հարցման համաձայն՝ հարցվածների միայն 2.5 տոկոսն է հավանություն տվել Բոլուարտեի գործունեությանը նախագահի պաշտոնում, որի ժամկետը լրանում է 2026թ․։

Բոլուարտեն Պերուի երրորդ նախագահն է, որը վերջին հինգ տարիների ընթացքում իմփիչմենթի է ենթարկվել։ Նա ստանձնել է բարձրագույն պաշտոնը 2022թ․ դեկտեմբերին, երբ լիազորություննձերից զրկվեց Պեդրո Կաստիլյոն, որի հետ նա մասնակցում էր 2021թ․ ընտրություններին։ 2020թ․ նոյեմբերին պաշտոնից հեռացվեց Մարտին Վիսկարան, որը նախագահի պաշտոնը ստանձնել էր նախկին նախագահ Պեդրո Կուչինսկու հրաժարականից հետո՝ 2018թ․ մարտին պատրաստվող նրա իմփիչմենթից առաջ։