Պերուի գլխավոր դատախազ Թոմաս Գալվեսը մտադիր է արգելել նախագահ Դինա Բոլուարտեին, որը պաշտոնից հեռացվել է Կոնգրեսի (երկրի միապալատ խորհրդարանի) կողմից, լքել երկիրը։
«Այսօրվանից մենք պետք է միջնորդություն ներկայացնենք երկրից նրա հեռանալն արգելելու համար։ Հենց որ լույսը բացվի, մենք սա կներկայացնենք ինչպես տարածաշրջանային դատախազություն, քանի որ այնտեղ հետաքննություններ են ընթանում, այնպես էլ գլխավոր դատախազի գրասենյակ»,- ասել է նա տեղի RPP ռադիոկայանին։ Պերուի գլխավոր դատախազությունը նախկինում մի քանի քրեական հետաքննություններ էր սկսել Բոլուարտեի դեմ։ Գործակալությունը կասկածում է պետության ղեկավարին ապօրինի հարստացման, ցուցարարների մահվանը մասնակցության, ծառայողական պարտականությունները չկատարելու եւ աչքակապության մեջ։
Հոկտեմբերի 9-ին Պերուի Կոնգրեսը միաձայն քվեարկել է Բոլուարտեի իմփիչմենթի օգտին՝ անվտանգության ճգնաժամի պատճառով։ Բոլուարտեն չի ներկայացել Կոնգրեսի նիստին։ Նոր նախագահ Խոսե Խերին երդվել է խորհրդարանում։
Վերջին տարիներին Պերուում անվտանգության իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Մարտին, հանցագործությունների աճի պատճառով, խորհրդարանը անվստահության քվե էր ներկայացրել ներքին գործերի նախարար Խուան Խոսե Սանտիվանեսին։ Մայիսին վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական տվեց անվտանգության ճգնաժամի պատճառով։ Սեպտեմբերին հրապարակված CPI հարցման համաձայն՝ հարցվածների միայն 2.5 տոկոսն է հավանություն տվել Բոլուարտեի գործունեությանը նախագահի պաշտոնում, որի ժամկետը լրանում է 2026թ․։
Բոլուարտեն Պերուի երրորդ նախագահն է, որը վերջին հինգ տարիների ընթացքում իմփիչմենթի է ենթարկվել։ Նա ստանձնել է բարձրագույն պաշտոնը 2022թ․ դեկտեմբերին, երբ լիազորություննձերից զրկվեց Պեդրո Կաստիլյոն, որի հետ նա մասնակցում էր 2021թ․ ընտրություններին։ 2020թ․ նոյեմբերին պաշտոնից հեռացվեց Մարտին Վիսկարան, որը նախագահի պաշտոնը ստանձնել էր նախկին նախագահ Պեդրո Կուչինսկու հրաժարականից հետո՝ 2018թ․ մարտին պատրաստվող նրա իմփիչմենթից առաջ։





























