Դատախազությունն ունի լիազորություն հենց էս պահին փոխելու Արսեն Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
«Ասում են՝ չունի նման լիազորություն, մինչև չլինի դատաբժշկի փորձաքննություն չի կարող խափանման միջոցը փոփոխվել։ Ես էլ ասում ե, որ առաջին պահից սկսած այդ առողջական փաստաթղթերը եղել են քննիչի տրամադրության տակ։ Մեծ մասնագետ պետք չի լինել հասկանալու համար, թե ինչ է նշանակում հիվանդության «շատ բարձր ռիսկ» ձեւակերպումը։
Անհնար է ձեւակերպել էնպես, թե գիտեք ինչ կա, էս փաստաթղթերը վկայում են, որ մարդն էս հիվանդությունն ունի, բայց քանի որ մենք մասնագետ չենք, եկեք «նավսյակի» մարդուն կալանավորենք, հետո, երբ էդ թուղթը կունենանք, որը կհավաստի, որ այս հիվանդությունը հենց կառավարության ցանկի հիվանդությունն է, խափանման միջոցը կփոխենք»,–ասաց նա՝ պատմելով դատախազության ներկայացուցիչների հետ իր հանդիպման մանրամասները։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորվել է «խուլիգանության» համար։





























