Արսեն Ղուկասյանի վրա կան բռնության հետքեր։ Դրանք արձանագրվել են ՄԻՊ աշխատակիցների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, դատախազության դիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
Նա ընդգծեց, որ դատախազությունը պետք է անհապաղ քննության առարկա դարձնի Արսեն Ղուկասյանի առողջության հետ կապված ներկայացված փաստաթղթերը։
«Ակնկալիքս մեկն է՝ ինչպիսի անհապաղությամբ կայացնում են կալանավորման որոշումը, նույն արագությամբ քննության առարկա դառնան մեր կողմից ներկայացված առողջության վերաբերյալ անհետաձգելի ստուգումների հաշվի առնելու հանգամանքը ու ազատ արձակեն։ Երբ որ դատախազությանն է պետք, անհապաղ որոշումներ են կայացնում, երբ որ կա կյանքին սպառնացող ռիկս, դատախազությունը չի շտապում»,- ասաց Սողոյանը։
Նա ընդգծեց, որ միջադեպին ականատես մարդիկ կան, որոնք մինչ այս պահը չենկանչվել հարցաքննության. «Այն, որ հարևվածներ են հասցրել, քաշքշուկը պրովոկացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, այս մասով ես տվյալ չունեմ, այս ամենը չի իրականացվել։ Բայց եթե այս գործով կա 2-3 մեղադրյալ, ինչու է կալանք կիրառվել միայն Արսեն Ղուկասյանի նկատմամբ, այն դեպքում, երբ նա ունի առողջական այս վիճակը»։
Խոսելով իր անելիքների մասին, Սողոյանը նշեց, որ բոլոր միջոցներին դիմելու են, սակայն դրանք ժամանակ են պահանջում, իսկ Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը լավ չէ։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել, ապա մեկ ամսով կալանավորվել է «խուլիգանության» համար։





























