Հայաստանի ֆինանսական շուկան նախորդ շաբաթվա պասիվությունից հետո այս շաբաթ որոշ աշխուժություն է ցուցաբերել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70.5 մլն դոլար եւ վաճառվել 84 մլն դոլար: Սա, ընդհանուր առմամբ, բարձր ցուցանիշ չէ, սակայն մոտ 7-8 %-ով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշները:

Ավելի  զգալի է աճը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում գործարքների գժով: Այս շաբաթ բորսայում իրականացվել է 18.3 մլն դոլարի առուվաճառք` նախորդ շաբաթվա 13.3 մլն դոլարի համեմատ: Սակայն նվազել են միջբանկային շուկայում իրականացվող գործարքների ծավալները` 2.4 մլն դոլար նախորդ շաբաթվա 2.9 մլն դոլարի համեմատ:

Զգալի աճ է արձանագրվել նաեւ եվրոյով կատարվող գործարքների գծով: Բանկերը գնել են 6.8 մլն եվրո եւ վաճառել 12.7 մլն եվրո: Հատկապես զգալի է աճը եվրոյի վաճառքների մասով` մոտ 40 %: Եվրոյի նկատմամբ հավելյալ պահանջարկը նշանակում է նաեւ եվրոյի գոտու երկրների հետ առեւտրատնտեսական կապերի աճ: Նշենք, որ ֆինանսական շուկայում եվրոյի առուվաճառքի միայն կանխիկ գործարքներ են իրականացվում` ոչ բորսայում, ոչ միջբանկային շուկայում եվրո չի գնվում ու չի վաճառվում:

Ռուսական ռուբլու հետ գործարքների ծավալները փոփոխվել են տարբեր ուղղություններով: Այս շաբաթ բնակչությունը փոխանակման կետերին հանձնել է 685 մլն ռուբլի (համարժեք է մոտ 20 մլն դոլարին), եւ գնել է  95 մլն ռուբլի (համարժեք է մոտ 3.1 մլն դոլարին): Ռուբլու «հանձնման» ծավալները որոշ չափով աճել են, սակայն գնման ծավալները նվազել են:

Հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.6 մլրդ դրամ (մոտ 54 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.6 մլն ԱՄՆ դոլար:  Վարկային շուկան, այսպիսով, նույնպես աշխուժացման նշաններ է ցուցաբերել: