Ուժայիններն այս պահին փորձում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին դուրս բերել իր աշխատասենյակից։

Աշխատասենյակի մոտ լարված իրավիճակ է, քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ են հավաքված այնտեղ։

«Մենք չենք թողնի Վարդան Ղուկասյանին տանեք, ինքը մեր աշխատողն է»,– բղավում էր կոմունալ ծառայության աշխատակիցներից մի կին։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։

Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։