Հեռուստաալիքներում որոշ բաներ մեզ կարող է  դուրս չգա, բայց մենք ստիպված ենք դրա հետ համակերպվել՝ և ճաշակի, և քաղաքական ուղղվածության, և լիքը ցածրորակ հաղորդումների։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Մենք ճաշակի ոստիկանություն չենք, որպեսզի կարողանանք նկատողություն անենք և շտկեն։ Մենք Հյուսիսային Կորեան չենք։ Մենք ճաշակի մասին չենք խոսում, դա որոշում է հեռուստադիտողը, որը այդ հեռուստածրագիրը նայում է կամ ոչ»,–ասաց նա։

Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենքի պահանջն է, որ լրատվական հաղորդման մեջ մի թեմային նվիրված ռեպորտաժը իրավունք չունի 25%-ից ավել լինի, եթե դա խախտվում է, իրենք վարույց են հարուցում։

Դիտարկմանը, որ Հ1–ով Նիկոլ Փաշինյանը 40 րոպեանոց ելույթ է ունենում լուրերի 1 ժամանոց թողարկման ընթացքում, ՀՌՀ նախագահն արձագանքեց. «Իսկ դուք արդյոք բողոքե՞լ եք։ Ես ձեզ չեմ հավատում, որ 40 րոպե խոսացել է ինքը։ Եթե դուք նման բան տեսնեք, կուղարկեք մեզ։ Հավատացում եմ, որ մենք միջոցներ կձեռնարկենք։

Սակայն Հանրայինի դեպքում, եթե մենք խախտում ենք տեսնում, մենք որևէ վարչական վարույթ իրավունք չունենք բացել, տուգանել իրավունք չունենք և դա օրենքի բացն է։

Մենք ընդամենը մեր տեսած խախտումը նամակով ուղարկում ենք Հանրային հեռարձակողի խորհուրդ։ Այլ հեռարձակողների պարագայում, մենք իրավունք ունենք ինչ-որ պատիժներ կիրառել։

Ես ինձ ճաշակով մարդ եմ համարում և շատ հեռուստաընկերությունում բովանդակություն ինձ դուր չի գալիս, բայց ես որևէ իրավունք չունեմ միջամտել այդ հեռուստաընկերության կամ ռադիոընկերության խմբագրական քաղաքականությանը»,– ընդգծեց ՀՌՀ նախագահը։