Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը առաջարկել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային անվտանգության և համագործակցության կազմակերպություն ստեղխծել՝ ԵԱՀԿ-ի կամ ՆԱՏՕ-ի նման։
«Մենք աշխատում ենք՝ չնայած նպատակը կարող է հավակնոտ թվալ, բայց նման նպատակներ պետք է գոյություն ունենան՝ անհրաժեշտ քաղաքական պայմաններ անվտանգության և համագործակցության տարածաշրջանային կազմակերպության ստեղծման համար։ Կարելի է ԵԱՀԿ կամ ՆԱՏՕ ստեղծել Մերձավոր Արևելքի համար՝ լայն իմաստով», - ասել է նա երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով Կիպրոսում Economist-ի կողմից կազմակերպված միջազգային ֆորումում, որը հեռարձակվել է ֆորումի կայքում։
Այդ կազմակերպությունը, ըստ Քրիստոդուլիդեսի խոսքերի, պետք է «նպաստի տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը»։ Իր ելույթում նախագահը նշել է, որ Կիպրոսն արդեն մասնակցում է բազմակողմ համագործակցության ձևաչափերին տարածաշրջանի բազմաթիվ երկրների, մասնավորապես՝ Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի և ԱՄԷ-ի հետ, ինչպես նաև ակտիվ դեր է խաղում Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման գործում։ Այսպես, Կիպրոսը ստեղծել է մարդասիրական օգնություն հասցնելու «Ամալթեա» մեխանիզմը և ձևավորել վեց կետից բաղկացած ծրագրի նախագիծ՝ Գազայի հատվածի վերականգնման համար, ի լրումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնության։
«Եթե ԵՄ-ն ցանկանում է կարևոր աշխարհառազմավարական դեր խաղալ, եթե ձգտում է դառնալ ռազմավարապես ինքնավար, ապա պետք է ունենա 360 աստիճանի տեսլական... Այն պետք է ուշադրություն դարձնի նաև Հարավի հարցերին՝ գիտակցելով Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի նշանակությունը ոչ միայն որպես ֆիզիկական սահմանի, այլև որպես ընդհանուր շահերի և հեռանկարների կամուրջ։ Մենք ցանկանում ենք մի Եվրոպա, որը կոնկրետ գործողություններով էական ներդրումներ կկատարի արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքի ընդլայնված տարածաշրջանում»,- հավելել է նախագահը։





























