Մոսկվայի քաղաքային դատարանը Ադրբեջանի քաղաքացի Շահին Աբբասովին դատապարտել է 17 տարվա, իսկ նրա եղբորը՝ Շոհրաթին՝ 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, կայանման շուրջ վեճի պատճառով մոսկվացի մոտոցիկլետավարին սպանելու համար, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Իսախան Աբբասովը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ հանցագործությունը թաքցնելու և կաշառակերության համար: Մյուս մեղադրյալները նախնական կալանքի տակ պատիժը կրելուց հետո ազատ են արձակվել դատարանում: Դատարանը արդարացրել է Շահին Աբբասովի հորը՝ Նիզամիին:

Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 17-ին։ Հետաքննիչների տվյալներով՝ Շահին Աբբասովը իր մեքենան կայանել է Կրասնոդարսկայա փողոցի շենքի մուտքի մոտ գտնվող մայթեզրին։

Դա զայրացրել է 24-ամյա տեղացի Կիրիլ Կովալյովին, ով նկատողություն է արել վարորդին: Շահին Աբբասովը և նրա եղբայր Շոխրատը մի քանի անգամ դանակահարել են երիտասարդին և նա ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում:

Հետաքննիչների խոսքով՝ նրանք հետագայում Շահին Աբբասովի հորից և այլ հարազատներից հրահանգներ են ստացել, թե ինչպես թաքնվել և մի քանի այլ հանցագործություններ են կատարել Ռոստովի մարզ գնալու ճանապարհին, որտեղ էլ նրանց կալանավորել են։ Մնացած մեղադրյալները կալանավորվել են Ռուսաստանի մայրաքաղաքում։