Դուբայը ճանաչվել է բարձր կարողություն ունեցող անձանց համար ամենագրավիչ քաղաքը՝ Savills Plc անշարժ գույքի գործակալության կազմած վարկանիշային աղյուսակում։

Savills-ի փորձագետները գնահատել են աշխարհի 30 մեգապոլիսներ։

Դուբայի գրավչությունը հիմնված է մի շարք գործոնների վրա, որոնց թվում՝ ժառանգության հարկի բացակայությունը և կապիտալի աճը, զարգացած ենթակառուցվածքները, անվտանգության բարձր մակարդակը և ցանկացած քաղաքի համեմատ միջազգային դպրոցների ամենամեծ թիվը։

Ավելին, ԱՄԷ-ն բնակիչներին առաջարկում է այսպես կոչված «ոսկե վիզա», որը 2 միլիոն դիրհամ (544 հազար 500 դոլար) ներդրման դիմաց տրամադրում է 10 տարվա բնակության իրավունք և հարկային արտոնություններ։

Նյու Յորքը Savills-ի վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում է։ Մասնագետները նշել են քաղաքի բարենպաստ բիզնես միջավայրը, հարկային խթանները և աշխարհաքաղաքական կայունությունը։

Հարուստ տարեցների համար բնակության վայր ընտրելիս հիմնական գործոններից մեկը ժառանգության հարկն է։ Մասնավորապես, կյանքի որակի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող Լոնդոնն ընդհանուր առմամբ հետ մղվեց Մեծ Բրիտանիայի հարկային համակարգի պատճառով, ինչն այս տարի հանգեցրել է շքեղ անշարժ գույքի պահանջարկի անկման։

Savills-ի տվյալներով՝ համաշխարհային հարստությունը վերականգնվում է 2022 թվականի անկումից հետո, որտեղ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ցուցաբերում է ամենաարագ աճը։ 2024 թվականին ի հայտ է եկել ավելի քան 680 հազար նոր դոլարային միլիոնատեր (աճը՝ 1.2%)։ Մինչև 2029 թվականը միլիոնատերերի թիվը, ըստ կանխատեսումների, կաճի ավելի քան 5 միլիոնով։