Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վարչապետ Հասինտա Ալանը երկրի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական համաձայնագիր է ստորագրել բնիկ ժողովուրդների հետ, որոնք բնակեցրել են մայրցամաքը գաղութարարների ժամանումից առաջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Այսօր մենք ճանաչում ենք, որ հնագույն իրավական համակարգերը և մեր ժողովրդավարության ժամանակակից ինստիտուտները կարող են գոյակցել կողք կողքի», - ընդգծել է Ալանը։

Գործակալությունը հայտնում է, որ 34 էջանոց պայմանագիրը պաշտոնապես ճանաչում է գաղութացման հետևանքով պատճառված վնասը և հիմնում է նոր ներկայացուցչական մարմին՝ բնիկ ժողովուրդների իրավունքները պաշտպանելու համար։

Ինչպես նշվում է, բրիտանացի գաղութարարների՝ մայրցամաքում հայտնվելուց հետո անցած երկու դարից ավելի ժամանակահատվածում Ավստրալիայի ոչ մի կառավարություն պաշտոնական համաձայնագիր չի կնքել այդ երկրի բնիկ ժողովուրդների հետ, թեև կան նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան և Նոր Զելանդիան, որոնք արդեն նմանատիպ համաձայնագրեր են կնքել։

Միևնույն ժամանակ, 2023 թվականին անցկացված հանրաքվեով մերժվել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի առաջարկը՝ սահմանադրության մեջ բնիկների հարցերով խորհրդատվական մարմին ստեղծելու վերաբերյալ։